Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին պրոֆեսիոնալ կադրերի դեֆիցիտ չի եղել

«Լեզուդ ու ականջներդ կկտրեմ, արա», «ծաղրածո՞ւ եք բերել», «համը չհանես ասեցի», «խելոք նստի տեղդ», «արա,՛ էս ինչեր ես խոսում», «հու կանեմ՝ կթռնես դուրս ստեղից», «ով ա էսի արա»․ չէ՛, սա բակային կռիվ չէ, ոչ էլ մանկահասակ երեխաների լեզվակռիվ, սա, ուշադրություն, 680 հազար ՀՀ հպարտ քաղաքացիների ձեռքով ընտրված ԱԺ ՔՊ խմբակցության անդամների մակարդակն է։ Ահա՛ այսպես են նրանք ընտրում ընդդիմության կողմից ներկայացված ՄԻՊ թեկնածուին՝ Էդգար Ղազարյանին, որի մարդկային և մասնագիտական բարձր որակները ներկայացնելու կարիք, կարծում եմ՝ չկա, քանզի բոլորը գիտեն և ևս մեկ անգամ համոզվեցին, որ եթե իսկապես անձը բանիմաց է, խելացի, հայրենասեր, պայքարող, անշահախնդիր, ապա մի ծաղկով գարուն հաստատ կգա։

Վերոնշյալը գալիս է ևս մեկ անգամ փաստելու մի պարզ իրողություն, թե ինչպիսի խղճուկ, ողբալի վիճակում է Նիկոլի Հայաստանը, և ինչ կադրերով է իրեն շրջապատել Փաշինյանը։

Հետաքրքիր է, եթե այս նույն խուլիգանական պահվածքը դրսևորեին նախկին իշխանությունները, ապա ինչպե՞ս իրեն կպահեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, վստահաբար, կպահանջեր բոլոր պատգամավորներից մանդատը վայր դնել, կթակեր միջազգային ատյանների դռները, վայ-վույ կկապեր, թե տեսեք՝ ինչպես են հայաստանյան իշխանությունները ոտնահարում մարդու իրավունքները, բայց դա չէր կարող կատարվել նախկինների ժամանակ, քանզի այնտեղ կադրային քաղաքականությունն այսչափ ողբալի վիճակում չէր։

Այսպիսի խղճուկ իրավիճակ կարող է տիրել միայն Նիկոլի Հայաստանում, որտեղ ուղղակի բռնաբարվում է Սահմանադրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ժողբաստիոն են անվանում և որքան կարող են ոտնատակ են տալիս մարդու իրավունքները և մնում անպատիժ, իսկ այս ամենը գալիս է նրանից, որ Փաշինյանն իր շուրջն է հավաքել մարդկանց, ովքեր ծնվել են, քայլել և բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել պատգամավորի աթոռին, որից ոչ մի կերպ չեն ուզում պոկ գալ։ Սա վկայում նրա մասին, որ կամ այս ամենը հատուկ է արվում, կամ իսկապես պրոֆեսիոնալ և վստահելի կադրերի դեֆիցիտ կա իշխող խմբակցությունում։

Շատ հեռու չգնանք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, չնայած որոշ բացերին, պրոֆեսիոնալ, հմուտ կադրերի խնդիր չի եղել, ի տարբերություն գործող վարչախմբի, որտեղ շատ կարճ ժամանակահատվածում կարևորագույն ոլորտներում՝ պաշտպանական, անվտանգային, առողջապահական, կարող են վայրկենական նշանակումներ և ազատումներ լինել, Սերժ Սարգսյանն իրեն շրջապատել էր պրոֆեսիոնալ, բանիմաց, փորձառու մասնագետներով։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթներից մեկի ժամանակ շեշտել է․«Արագացված կադրային փոփոխությունները կարող են միայն դրվագային դրական ազդեցություն ունենալ․պետք է մշակել ճիշտ կադրեր՝ երկարատև և որակյալ աշխատանքի համար։ Որակյալ կադրերի ընտրության շնորհիվ մենք նաև կապահովենք մեկ այլ կարևոր կողմ, ինչպիսին է քաղաքական ուժի հեղինակությունը»․ և առաջնորդվել է այդ քաղաքականությամբ, որի արդյունքում ունեցել ենք հաղթանակներ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական, թե՛ անվտանգային և այլ ոլորտներում։

ԽՍՀՄ-ում ձևավորված ասույթը` «Կադրերն են որոշում ամեն ինչ», չի կորցրել իր թարմությունը և այսօր մենք «վայելում» ենք 680 հազար ՀՀ հպարտ քաղաքացիների թեթև ձեռքով մեզ բաժին հասած ժողբաստիոնյան Հայաստանի թունոտ իրականութունը և կադրային ջարդը։

Լուսինե Այրապետյան