Թբիլիսիում կկայանան Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներ

Մարտի 23-24-ին Թբիլիսիում կկայանան մեծանուն գրող Հովհաննե Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներ։ Այս մասին տեղեկացրել են Հովհ. Թումանյանի թանգարանից։

Լոռվա բնաշխարհում ծնված հայ մեծ մտածող Հովհաննես Թումանյանը վաղ պատանեկան հասակից մինչ իր կյանքի վերջին օրերը ապրեց և  ստեղծագործեց Թիֆլիս քաղաքում:

Մշակութային այս խոշոր կենտրոնում էր, որ նա ծավալեց իր բազմաբեղուն գրական ու հան­րային գործունեու­թյունը՝ մշտապես ունենալով հումանիստ մտածողի լայն աշխարհընկալում: Այստեղ նա կազմեց իր ընտանիքն ու ընկերական լայն միջավայրը:

Վրաց ժողովրդի, նրա գրականության ու մշակույթի հանդեպ Թումանյանի հետաքրքրությունն ու հարգանքը, վրաց գրողների, արվեստի ու գիտության գործիչների կողմից փոխադարձ անկեղծ սիրո ու հարգանքի, բարոյական բարձր ըմբռնումների հուշագրությունն է  «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսի հիմքում։ Բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումներին՝ մարդկային հարաբերություններից մինչեւ գրական պոռթկումներ:

Ցուցահանդեսը տեղի կունենա Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության թանգարանում
/Վրաստան, ք. Թբիլիսի / Գ.  Ճանտուրիայի 8/ մարտի 23-ին: Ցուցահանդեսը բաց է մինչ ապրիլի 13-ը:
Մարտի 24-ին տեղի կունենա Հիշատակի համերգային երեկո՝ Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում, որտեղ  ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:
Կազմակերպիչներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Վրաստանում Հայաստանի դեսպանություն,
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ, Հովհ. Թումանյանի թանգարան /Երևան/, «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, «Հայարտուն» մշակութային կենտրոն, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ /Երևան/։