Եկամտահարկի վերադարձով հիպոտեկային վարկի ծրագրի գլխին Նիկոլը սև ամպեր է կուտակել

Թեև չի վարանում գլուխը գովել՝ նախկինների այդ ծրագիրն իրեն վերագրելով

Օրերս կազմակերպված իր շոուին, որի անունը ասուլիս էր դրել ու դրանով փորձել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներգրավել այդ անտաղանդ ու անատամ միջոցառմանը, Փաշինյանը հերթական անգամ առիթը բաց չթողեց իր կողմից թիրախավորված և ամեն անգամ նրանց որպես քավության նոխազի վկայակոչող նախկին իշխանությունների ձեռքբերումներն ու արդյունավետ ծրագրերը յուրացնել և գլուխը գովել, թե ինքն ու իր նշանակած փնթի կառավարությունն են դրանց հեղինակն ու նախանձախնդրորեն իրականացնողները: Ծիծաղելի ու զզվելի է նրա դեմքի գոհունակ արտահայտությունը, որով նա փորձում է անտեղյակ ու իր հանդեպ սիրով կուրացած քաղաքացիներին (իսկ նրանց թիվը ժամ առ ժամ է քչանում) համոզել, թե այդ իր օրոք են երկրում կառուցողական ու զարգացմանը նպաստող ծրագրեր են իրականացվում, իսկ նախկինները միայն գռփել են, թալանել ու սեփականացրել ժողովրդի ունեցվածքը: Մինչդեռ իրականում գիտենք, թե Նիկոլն ինչպիսի պետություն, պետական համակարգ ու պետական ինստիտուտներ է ժառանգություն ստացել իր փնովեծ իշխանություններից և թե հետո ինչպես է փուլ առ փուլ դրանք քանդել, փլուզել ու ոչնչացրել: Զարմանալի է, որ ձեռքը դեռ այդ մեկին չի հասել, որով այնքան պարծենում էր օրերս: Խոսքը եկամտահարկի վերադարձով հիպոտեկային վարկի միջոցով նորակառույց բնակարաններ ու տներ ձեռք բերելու ծրագրի մասին է, որը երկար մտածել, մշակել ու հաստատել է Սերժ Սարգսյանի կառավարությունը՝ դեռևս 2015 թվականին այդ ծրագիրը կյանքի կոչելու մասին որոշում ստորագրելով: Իսկ ծրագրի նպատակը երկկողմանի էր: Նախ՝ զարգացնել բնակարանաշինության ոլորտը և դրանով նաև զարկ տալ երկրի տնտեսությանը՝ քաղաքաշինության ոլորտն աշխուժացնելու շնորհիվ: Երկրորդ նպատակը սոցիալական է՝ քաղաքացիներին հնարավորություն տալ պետական աջակցությամբ բնակարաններ գնել՝ դրանց արժեքի մի մասը միայն վճարելով, իսկ մնացած մասը հոգում է պետությունը՝ աշխատող քաղաքացիների եկամտային հարկը ուղղելով բնակարանների գումարը վճարելուն: Ի դեպ, այս առումով ծրագիրը նաև ժողովրդագրական դրական ազդեցություն ունեցավ մեր պետության համար, քանի որ նոր բնակարան ձեռք բերելու ճանապարհը հեշտացնելով՝ պետությունը խրախուսում էր նաև նոր ընտանիքների ձևավորումը: Այդպիսով ստացվում է, որ ծրագիրը մուլտիպլիկատիվ ազդեցությամբ 2015 թվականից սկսած դրական բաղադրիչ է պարունակել պետության, երկրի ու այդ պետության բնակչության համար: Խոսուն է այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի ու ավելի է աճել այդ ծրագրի շահառուների թիվը, շատացել են նաև կառուցապատողները, քանի որ պահանջարկի մեծացումով նոր առաջարկներ են ձևավորվել՝ աշխուժացնելով շուկան, հետևաբար զարգացնելով տնտեսությունը: Եվ ահա այս ձեռքբերումը իրեն վերագրելով՝ Փաշինյանը պարծենկոտ տոնով լրագրողներին հայտարարեց, թե 2018 թվականից մինչև այսօր՝ ասել է թե 2023 թվականի մարտ ամիսը, 25 000 մարդ օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից՝ նորակառույց բնակարաններ է գնել։ Մի կողմ թողնենք, որ թեմային նա անդրադարձավ ինքնանպատակ, իրեն հատուկ մանիպուլյացիոն ոճով թեման շեղելով Սուրեն Պապիկյանի գնած 165 քառակուսի մետրանոց թանկարժեք տան ու այն ձեռք բերելիս հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին քննարկումից ու նաև լրագրողներին հանդիմանեց, թե նրանցից քանի՞սն են այդ եղանակով բնակարան ձեռք բերել, արդյո՞ք կոռուպցիոն ճանապարհներով են դա արել: Այնինչ Պապիկյանը ոչ թե եկամտահարկի վերադարձի ծրագրով է այդ բնակարանը գնել, այլ առձեռն դրա համար վճարելով: Առավելևս, որ ծրագիրը կիրառելի է միայն մինչև 55 միլիոն դրամ արժողությամբ նորակառույց բնակարանների ու առանձնատների համար սոցիալական բաղադրիչի նկատառումով: Կառավարությունը այդ միջոցով փորձում է վերահսկել, որպեսզի ծրագրից օգտվեն իսկապես բնակարանային խնդիր ունեցող Հայաստանի քաղաքացիները: Իսկ ինչպես պարզել է «Հետք» պարբերականը՝ Պապիկյանն իր բնակարանի համար վճարել է 168 հազար ԱՄՆ դոլար: Թեև բնակարանի շուկայական գինն այսօր 412 հազար ԱՄՆ դոլար է, որը դրամի վերածելով, ակնհայտ է դառնում, որ 55 մլն դրամից ավելի է։ Այսինքն պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող պաշտոնյան պարզապես չէր էլ կարող օգտվել պետական ծրագրից: Իսկ Փաշինյան Նիկոլը նորից, կներեք այդ բառով որակելու համար, ֆռռացրեց թե լրագրողներին, թե իրեն հետևողներին՝ թեման բոլորովին այլ հարթակ տեղափոխելով, ձեռքի հետ էլ իրեն մեծարելով իբրև լավ կառավարիչ:

Վերադառնալով մեր թեմային՝ նշենք, որ պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալներով՝ 2015-2017 թվականներին այս ծրագրի շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, այսինքն՝ երեք տարում մոտ 2400 մարդ է գտվել նման հնարավորությունից: 2018-2019 թվականներին շահառուների տարեկան քանակն աճել է՝ կազմելով մոտ 2000։ Ստացվում է՝ երկու տարում ծրագրից 4000 քաղաքացի է օգտվել: 2020-ին նոր շահառուների թիվը եղել է 5200։ Ամփոփելով մինչև 2023 թվականի այս պահը ծրագրի արդյունավետությունը, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ hիպոտեկային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, պետբյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։ 2016-2017 թվականներին պետական բյուջեից ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, 2019-ին՝ 3․3 մլրդ, 2020-ին՝ 5,4 մլրդ դրամ, հետագայում հատկացումների թիվը կտրուկ աճել է, քանի որ շատացել է թե առաջարկը, թե պահանջարկը, և քաղաքացիներն էլ ավելի համարձակ են գործարքների գնացել՝ համոզվելով, որ ծրագիրը վերահսկելի է և դրանից օգտվողները ծուղակում չեն հայտնվում: Այսինքն՝ մարդկանց վստահությունն աճել է այդ ծրագրի նկատմամբ: Ահա, թե ինչով են փորձագետները բացատրում ծրագրի շահառուների թվի կտրուկ աճը: Մյուս կողմից էլ շուկայում դանդաղում են կանխատեսում, քանի որ 2022 թվականի կեսից տարադրամի արժեզրկմամբ և միջազգային շինարարական շուկայում կտրուկ գնաճով պայմանավորված՝ նոր բնակարանների ձեռքբերման արժեքները կրկնակի, եռակի աճել են՝ ցածր ու միջին աշխատավարձ ստացող աշխատողների համար այդ ծրագրից օգտվելու հնարավորությունը նվազեցնելով կամ անհնարին դարձնելով: Դրան կնպաստի նաև կառավարության կատարած փոփոխությունը որոշման մեջ, որի համաձայն՝ Երևանում բնակարանի հիպոտեկին ուղղվող եկամտային հարկի վերադարձն աստիճանաբար չի գործելու։ Ըստ որոշման նախագծի՝ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը 2022 թվականի հուլիսի 1-ից դադարել է գործել մայրաքաղաքի փոքր կենտրոնում: 2023 թվականի հունվարի 1-ից այն այլևս արդիական չի լինի մայրաքաղաքի երկրորդ գոտում (Կենտրոն վարչական շրջանի մնացած տարածքներում և Արաբկիր վարչական շրջանի մի հատվածում) կառուցվող բնակելիների համար, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի մասում, Էրեբունի վարչական շրջանի՝ Կենտրոնին հարող հատվածում) կառուցվող բնակելիների համար: Իսկ 2025 թվականի հունվարի 1-ից ծրագիրն ընդհանրապես կդադարի գործել Երևանում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ նախկին իշխանությունների նաև այս նախաձեռնության գլխին նորեկները սև ամպեր են կուտակել:

Ինչո՞ւ պետական բյուջեից մարդկանց աջակցություններ տրամադրեն, եթե այդ գումարը կարող են ուղղել իրենց բարեկեցության համար:

Թագուհի Ասլանյան