Ինչու են ՊԲ զինծառայողները թշնամու վրա կրակել միայն Արցախի ոստիկանների սպանությունից ու վիրավորումից հետո. 2

Նիկոլն իր մահկանացուն կնքելու մասին մտածելու փոխարեն, խաղաղության պայմանագիր կնքելու մասի՞ն է մտածում…

 

Սկիզբը` այստեղ

Արցախի Հանրապետության տարածք մարտի 5-ին ադրբեջանական զինված խմբի ներթափանցմամբ ու միջազգային ահաբեկչությամբ իրականացված բազմանպատակ սադրանքը հասել է իր նպատակներից առնվազն երկուսին…

Դրանցից մեկն Արցախում անհանգստություն, լարվածություն, իրենց անվտանգության նկատմամբ անվստահություն առաջացնելն է, քանի որ տեղանքը, որտեղ տեղի է ունեցել ոստիկանների մեքենայի գնդակոծությունը, ուղիղ գծով Ստեփանակերտից ընդամենը մոտ 1.5 կմ հեռավորության վրա է:

«Հերթական անգամ Ադրբեջանը փաստում է, որ իր համար կոնկրետ չեղարկված են նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և դրանով պայմանվորված, իհարկե, Արցախում շատ մեծ լարվածություն և անհանգստություն կա. բոլորը սպասում են, թե հաջորդ քայլով ինչ է տեղի ունենալու…»,- «Yerevan.Today»-ի հետ զրույցում  ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

Երկրորդ նպատակը, որին հասել է ադրբեջանական կողմն իր սադրանքով, Հայաստանի և Արցախի բնակչության մի մասի շրջանում հակառուսական տրամադրությունների խթանումն է, ինչպես նաև Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության և, ընդհանրապես, տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության հանիրավի վարկաբեկումը:

Ինչպես արդեն հայտնի է, Արցախի մի խումբ բնակիչներ մարտի 7-ին մի քանի ժամով փակել էին ԱՀ-ում ռուսական խաղաղապահների տեղակայման վայրի գլխավոր մուտքը և հանդիպում պահանջել ռուսական խաղաղապահների ներկայացուցիչների հետ: Նրանք պահանջել էին նաև ապահովել Արցախի խաղաղ բնակիչների անվտանգ կյանքը: Ակցիայի մասնակիցներից մեկը մուտքի արգելափակման համար օգտագործել է իր անձնական BMW X-5 մակնիշի ավտոմեքենան: Նրանք այսպիսով իրենց «շնորհակալությունն» են հայտնել ժամանակին դեպքի վայր հասած, արտաքին թշնամու կողմից գնդակահարված, մահամերձ ոստիկանին առաջին բուժօգնություն ցուցաբերած և, ըստ էության, նրա կյանքը փրկած ռուսական խաղաղապահներին, իրականում նրանց հանդեպ դրսևորել իրենց երախտամոռությունը:

Ռուսական խաղաղապահներից Արցախի խաղաղ բնակիչների անվտանգ կյանքի ապահովում պահանջողները, եթե իսկապես նրանց անվտանգ կյանքի ապահովմամբ էին մտահոգված, անկեղծորեն դա էր նրանց մտահոգությունը, այդ ինչո՞ւ ռուսական խաղաղապահների տեղակայման վայրի մուտքը փակելու փոխարեն, Արցախի Հանրապետության նախագահականի կամ պաշտպանության նախարարության մուտքը չեն փակել ու պարզաբանում պահանջել: Պարզաբանում, թե ՊԲ զինծառայողները տեսնելով ադրբեջանական ահաբեկիչների ներխուժումն ԱՀ տարածք, ինչո՞ւ նախապես չեն կրակել ու չեզոքացրել նրանց, այլ այդ գործողությամբ սկսել են զբաղվել ոստիկանների սպանությունից հետո:

Իհարկե, որևէ հայ չի կարող դեմ լինել Արցախի խաղաղ բնակիչների անվտանգ կյանքի ապահովմանը, ավելի ճիշտ, չցանկանալ դա, բայց նրանք ռուսական խաղաղապահներից պահանջել են այն, ինչ պետք է պահանջեին Հայաստանից, մասնավորապես, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլից, քանի որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանն էր ու պետք է Հայաստանը լինի, չնայած այդ պարտականությունից հանրության մի մեծ մասի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող, Հայաստանի, Արցախի, հայության թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի ու նրա քաղաքական թայֆայի հրաժարվելուն:

Միաժամանակ դժվար է չնկատել, որ Արցախի մի խումբ բնակիչների վերոնշյալ գործողությունն իր վտանգավորությամբ ադրբեջանական սադրանքին չզիջող, թերևս գերազանցող սադրանք է՝ ուղղված ինչպես ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի, այնպես էլ արցախցիների անվտանգության և արցախցիների դեմ, հետևաբար այդ առումով նույնաբնույթ է արտաքին թշնամու իրականացրած սադրանքի հետապնդած նպատակներից վերևում նշվածներից երկրորդին ու շարունակությունն է դրա:

Ով ով, բայց Արցախում ապրող հայերը չեն կարող չիմանալ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի իրավա-քաղաքական, մարդկային ու տեխնիկական խիստ սահմանափակ հնարավորությունների մասին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, Արցախում գտնվողները չունեն Ադրբեջանի կողմից հաստատված մանդատ (Ադրբեջանը հրաժարվել է), չունեն միջազգային խաղաղապահ ուժերի ՄԱԿ-ի կողմից հաստատված մանդատ:

Արցախում ռուսական խաղաղապահները կարող են զենք գործադրել ինքնապաշտպանության նպատակով, կարող են բնակավայրերին անմիջականորեն մոտ հատվածներում լինել երկու կողմերի միջև ու թույլ չտալ նրանց բախումը, կամ եթե իրենց գտնվելու շրջաններում, ինչպես նաև Լաչինի միջանցքում ինչ- որ տեղ կողմերի միջև բախման վտանգ է առաջացել, մտնել նրանց արանքը, թույլ չտալ բախում, բայց եթե ինչ- որ տեղ ադրբեջանցիներն արդեն իսկ կրակել են մերոնց վրա, դրանից հետո նրանց վրա հարձակվելու, պատժելու, հատուցման գործողություն իրականացնելու մանդատ կամ լիազորություն չունեն:

Ավելին. Արցախում, կողմերի միջև շփման գծում ռուսական խաղաղապահները, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության () համաձայն, ընդամենը 1960-ն են ու զինված են ընդամենը հրաձգային զենքով: Նրանք հնարավորություն չունեն վերահսկողություն իրականացնելու մի քանի հարյուր կամ գուցե մի քանի հազար կիլոմետրի հասնող ողջ շփման գծում, որի երկարությունը 44- օրյա պատերազմի հետևանքով ավելացել է: Խաղաղապահներն առավելապես բնակավայրերի մոտ են և Լաչինի միջանցքում: Նրանց դերը ԱՀ Պաշտպանության բանակի պարտականությունները կատարելը, ողջ շփման գիծը հսկողության տակ պահելը չէ: Մի կերպ խաղաղությունն են պահպանում, որ պատերազմ չլինի: Ի՞նչ են ուզում ոմանք նրանցից, որ հեռանան ու դա՞ էլ չանեն, մեծ պատերա՞զմ բռնկվի, իրականանա՞ն մեր արտաքին ու ներքին թշնամիների նպատակները…

Հետևաբար եթե հիշյալ ակցիայի նախաձեռնողները, մասնակիցները գիտենալով, բայց վերը նշված իրողություններն անտեսելով են փակել ԱՀ-ում ռուսական խաղաղապահների տեղակայման վայրի գլխավոր մուտքը, ապա հենց իրենք են հիմք տվել եզրակացնելու, որ ոչ թե իրավիճակով իսկապես մտահոգ արցախցիներ են, այլ Արցախում գործող Արևմուտքի հինգերորդ շարասյան անդամներ, հնարավոր է, ուղղորդված նաև Արցախի և Հայաստանի սորոսական ու քաղաքական, մասնավորապես, ՔՊ- ական շրջանակների կողմից:

Որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման վայրի գլխավոր մուտքը փակածներն, այսպես ասած, անտեր չեն, հակառակը՝ իրենց ետևում բավական ազդեցիկ քաղաքական ուժեր ունեն, հուշում է այն հանգամանքը, որ Արցախի իրավապահները ոչ կանխել են վերոնշյալ ակցիան, ոչ էլ միջամտել դրան:

Չի եղել նաև խաղաղապահների տեղակայման վայրի գլխավոր մուտքի արգելափակումը դատապարտող, հետագայում նմանաբնույթ ակցիաների անթույլատրելիության մասին նախազգուշացնող որևէ հայտարարություն ինչպես Արցախի ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության, ոստիկանության, այնպես էլ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի, պետնախարարի կամ ԱԺ նախագահի կողմից: Այս առումով ընդգծում ենք, որ կատարվածը սովորական դեպք չէ, և տվյալ դեպքում կարևոր չէ, թե քանիսն են եղել ռուսական խաղաղապահների տեղակայման վայրի գլխավոր մուտքը փակողները:

Երեկ հրավիրված ասուլիսում կատարվածին անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը: Նա մասնավորապես ասել է, որ իր համար շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց ԼՂ բնակիչների բողոքի ակցիա է տեղի ունեցել: Անսպասելի՞… Իբրև թե ինքը նախապես տեղյակ չի եղել:

 

Արթուր Հովհաննիսյան