Ինչու են ՊԲ զինծառայողները թշնամու վրա կրակել միայն Արցախի ոստիկանների սպանությունից ու վիրավորումից հետո

Նիկոլն իր մահկանացուն կնքելու մասին մտածելու փոխարեն, խաղաղության պայմանագիր կնքելու մասի՞ն է մտածում…

 

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մարտի 5-ին ադրբեջանական զինված խմբի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք ու միջազգային ահաբեկչության իրականացումը տեղի են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գիտությամբ, ավելին՝ հրամանով…

Կարծում ենք, կասկածողներ չկան, քանի որ նույնիսկ ըստ գործակալ «Օմեգա»-ի ղեկավարած «կանտորայի»՝ Հայաստանի արտգործնախարարության հայտարարության . «Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է» (ընդգծումը՝ մերը):

Արցախի ԱԳՆ էլ, իր հերթին, հայտարարել է, որ «Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս որակել ադրբեջանական կողմի գործողությունները  որպես պատերազմական հանցագործություն»:

Հայտարարությամբ  է հանդես եկել նաև Արցախ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա կատարվածը բնութագրել է որպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչություն, և հայտարարել, որ «Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը»:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների և ԱՀ ԱԺ նախագահի վերոնշյալ հայտարարությունների պարագայում, բնականաբար, ավելի է սրվում հետևյալ հարցը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, հանրության մի մեծ մասի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող, Հայաստանի, Արցախի, հայության թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն իր մահկանացուն կնքելու մասին մտածելու փոխարեն, խաղաղության պայմանագիր կնքելո՞ւ մասին է մտածում… Այդ ո՞ւմ հետ է ուզում խաղաղության պայմանագիր կնքել… Միջազգային ահաբեկչություն կամ նույնիսկ պատերազմական հանցագործություն ծրագրավորած, հրահանգավորած, ավելին՝ ցեղասպան Ալիևի՞…

Իսկ կա՞ն հիմքեր՝ ենթադրելու, որ արտաքին թշնամու հայտնի գործողությունները, չնայած Հայաստանի արտգործնախարարության վերոնշյալ հայտարարությանը, իրականում տեղի են ունեցել ոչ միայն Ալիևի, այլև Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկի և Նիկոլի գիտությամբ, այսինքն՝ նրանց նախապես հայտնի է եղել… Կարծում ենք, կա առնվազն այդպիսի երկու հիմք:

Առաջին. հենց նույն օրը՝ մարտի 5-ին ադրբեջանական զինված հարձակման մանրամասները ներկայացնող Տեղեկատվական շտաբի նոր տեսանյութից  ակնհայտ է, որ շփման գծից շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտ- «Խայփալու» ճանապարհը, ինչպես նաև նշված ճանապարհով ԱՀ ոստիկաններին Ստեփանակերտից Լիսագոր տեղափոխող ավտոմեքենան, մինչև թշնամու կողմից գնդակոծվելը, եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի՝ հարակից դիրքում գտնվող զինծառայողների հսկողության տակ կամ տեսադաշտում:

Նմանապես ՊԲ զինծառայողների հսկողության տակ կամ տեսադաշտում է եղել նաև արցախա- ադրբեջանական շփման գիծը հատող ու վերոնշյալ ճանապարհին մոտեցող Ադրբեջանի ԶՈւ շուրջ 15 հոգուց բաղկացած զինված խումբը, որի վրա, սակայն, ՊԲ զինծառայողները, չնայած թշնամու խմբի կողմից շփման գիծն անթույլատրելիորեն հատելուն և ԱՀ տարածք ակնհայտորեն ոչ բարի մտադրություններով ներթափանցելուն, որքան էլ տարօրինակ է, չեն կրակել, չեն ոչնչացրել նրանց:

ՊԲ զինծառայողները կրակել և ադրբեջանական զինված խմբի անդամներից մի քանիսին սպանել ու վիրավորել են միայն այն բանից հետո, երբ նրանք Արցախի ոստիկաններից երեքին արդեն սպանել, մեկին էլ վիրավորել ու փախուստի ճանապարհին էին: Այսպիսով փաստորեն թույլ է տրվել, որ թշնամու կողմից նախապես ծրագրավորված, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանքն իրականություն դառնա: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, և, ընդհանրապես, ո՞րն է ադրբեջանական սադրանքի նպատակը…

Անշուշտ, չենք կարող հայտարարել, որ Նիկոլը և Արայիկը վերոնշյալ սադրանքին նախապես տեղյակ են եղել, և Արայիկը Նիկոլի, ՊԲ զինծառայողներն էլ, իրենց հերթին, Արայիկի կողմից ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով հրահանգավորված են եղել չկրակել մինչև Արցախի ոստիկանների սպանությունը: Եթե նշվածի ապացույցն ունենայինք, ոչ թե կգրեինք, որ կան հիմքեր ենթադրելու…, այլ ուղղակիորեն կգրեինք, որ թշնամու հայտնի գործողությունները տեղի են ունեցել ոչ միայն Ալիևի, այլև Արայիկի և Նիկոլի նախնական գիտությամբ:

Հնարավոր է նաև, որ ՊԲ զինծառայողները ժամանակին չեն կրակել ոչ թե այն պատճառով, որ վերևներում նախապես տեղյակ են եղել ադրբեջանական սադրանքին ու հրամայել կամ հրահանգել են չկրակել, որպեսզի այն իրականացվի, այլ որ ղեկավարությունը, քանի դեռ թշնամին առաջինն ինքը չէր կրակել ու սպանել Արցախի ոստիկաններին, վախեցել է, չի համարձակվել կրակելու հրաման տալ՝ Նիկոլի կողմից «խաղաղության պայմանագրի» կնքմանը չխոչընդոտելու համար:

Երկրորդ. վերոնշյալ վարկածի օգտին հաջորդ հիմքն ադրբեջանական սադրանքի նպատակն է և այն, որ այդ սադրանքը հասել է իր նպատակին՝ Հայաստանի և Արցախի բնակչության մի մասի շրջանում հակառուսական տրամադրությունների խթանմանը, ինչպես նաև Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության և, ընդհանրապես, տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության հանիրավի վարկաբեկմանը (ապացուցող փաստերի պակաս չկա, դրանց մի մասը կներկայացնենք առաջիկայում), ինչը, ընդգծում ենք, Նիկոլի, նրա իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և այլ նիկոլականների նպատակների շրջանակում է: Հիշենք, թեկուզ, Նիկոլի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում  ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «ՀՀ իշխանությունների և հակառուսական միավորների վերջնանպատակը րոպե առաջ ռուսական ռազմական ներկայությունը, մասնավորապես 102-րդ ռազմաբազան, տարածաշրջանից դուրս բերելն է, որ տեղ ազատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինական ներկայության համար, ինչն ուղղակիորեն «կանաչ լույս կվառի» Ադրբեջանի ցանկացած պահանջի համար»։

Այո, ադրբեջանական սադրանքի նպատակը հենց Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հանիրավի վարկաբեկումն է, ինչը, սակայն, չի նշանակում, թե Ադրբեջանը զուգահեռաբար չունի նաև, ինչպես Արցախի ԱԺ նախագահն է հայտարարել, «էսկալացիա սադրելու», ըստ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, պատերազմի գնալու և դրանով բոլոր քաղաքական խնդիրները լուծելու  նպատակներ: Նպատակներ, որոնց բոլորի   ետևում կանգնած են նաև Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան