Թե ինչպես է երեկ ռուսական կործանիչը գրողի ծոցն ուղարկել շուրջ 30 մլն դոլար արժողության ամերիկյան «MQ-9 Reaper» ռազմավարական ԱԹՍ-ն

Երեկ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. Սև ծովում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-27 կործանչի գերազանց մանևրից հետո խորտակվել է շուրջ 30 մլն դոլար արժողության ամերիկյան հարվածային- հետախուզական MQ-9 անօդաչու թռչող սարքը: Այսպիսով ռուսները լկտիացած յանկիներին վերջապես մի լավ դաս են տվել քթներն Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեջ չխոթելու համար:

 

Ամերիկյան ստերը նորություն չեն ողջ աշխարհում, ինչպես Նիկոլի ստերը

Սուտ 1-ին. ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM) հայտարարել է, թե ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովում բախվել է ամերիկյան «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարքին:

«Մոտավորապես ժամը 07:03 CET-ին ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը հարվածել է MQ-9-ի պտուտակին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունը պարզաբանել է, որ բախումից հետո անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրեր։ Նշվում է, որ դրանից քիչ առաջ Սու-27-ն իբր «ոչ անվտանգ» մանևրներ է իրականացրել:

Ասելով կամ գրելով չէ, ապացուցելով է, սակայն ամերիկյան կողմն իր հայտարարությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել: Եթե այդպիսի բան եղած լիներ, ապա MQ-9-ի շուրջբոլորը նկարահանող, բարձր լուծաչափի, որակյալ տեսանկարահանում և մանրամասն կադրեր ապահովող տեսախցիկներից գոնե մեկը նկարահանած կլիներ բախման պահը և ինչպես մնացած կադրերը, դրանք նույնպես առցանց ռեժիմով փոխանցած կլիներ հրամանատարական կետին: Հասկանալի է, որ եթե այդպիսի կադրեր լինեինՙ, ապա ԱՄՆ-ն անմիջապես, դեռ երեկ դրանք հրապարակած և աշխարհով մեկ տարածած կլիներ, բայց չի արել նման բան, ինչը նշանակում է չունի նման կադրեր, այսինքն՝ EUCOM-ը ստում է, Սու-27-ը MQ-9-ին չի բախվել:

Բացի վերոնշյալից, եթե ռուսական կործանիչը հարվածած լիներ MQ-9-ի պտուտակին, որը պտտացնում է բավական հզոր՝ 900 ձիաուժանոց շարժիչը, ապա ինքն էլ դրանից լրջորեն կվնասվեր, առնվազն կկորցներ կառավարումը:

Ռուսաստանի հերքումը. ՌԴ պաշտպանության նախարարությունը երեկ մեկնաբանելով MQ-9-ի հետ տեղի ունեցած միջադեպը, հայտարարել է, որ ամերիկյան ԱԹՍ-ն ընկել է Սև ծովը սեփական կտրուկ մանևրի պատճառով, ռուսական կործանիչները նրա հետ շփման մեջ չեն մտել։

ՊՆ-ն մանրամասնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ղրիմի շրջանում։ Գերատեսչության տվյալներով՝ անջատված տրանսպոնդերներով ԱԹՍ-ն խախտել է հատուկ ռազմական գործողության անցկացման նպատակով սահմանված օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանի սահմանները: Անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո օդ են բարձրացել հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կործանիչները՝ ԱԹՍ-ի հայտնաբերման և կալանման համար: Կտրուկ մանևրելու պատճառով անօդաչու թռչող սարքը բարձրության կորստով անցել է անկառավարելի թռիչքի և ընկել ջուրը։

ՊՆ-ի այս հայտարարությունը նշանակում է, որ միջադեպը թեև ՌԴ օդային տարածքում տեղի չի ունեցել, բայց տեղի է ունեցել մի օդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ԶՈւ-ն հատուկ ռազմական գործողություն է իրականացնում, այսինքն՝ նրա կործանիչներն այնտեղ ցանկացած պահի կարող են ամենատարբեր մանևրներ իրականացնել, հետևաբար ԱՄՆ-ը կամ որևէ այլ երկիր, որն իր ԱԹՍ-ները և ինքնաթիռներն ուղարկում է նախապես հայտարարված և իրեն հայտնի վերոնշյալ շրջանի սահմաններից ներս, պետք է իրեն հաշիվ տա այնտեղ բարձր ռիսկայնության ու դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքների մասին:

ՊՆ-ի հայտարարությունը նշանակում է նաև, որ եթե հատուկ ռազմական գործողության անցկացման նպատակով սահմանված օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանում այսուհետ նույնպես հայտնվի ամերիկյան կամ արևմտյան որևէ այլ «ճնճղուկ», մանավանդ, անջատված տրանսպոնդերներով, ապա նրա հայտնաբերումից հետո դարձյալ օդ կբարձրանան ՌԴ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կործանիչները և, բացառված չէ, տվյալ «ճնճղուկը» նույնպես կարժանանա MQ-9-ի ճակատագրին:

«Մոսկվայի ժամանակով ժամը 9:30-ի սահմաններում կտրուկ մանևրելու արդյունքում MQ-9 անօդաչու թռչող սարքն անցել է անկառավարելի թռիչքի ՝ բարձրության կորստով, և բախվել ջրային մակերեսին»,- հայտնել են է ՊՆ-ում:

«Մտահոգություն է առաջացնում ԱՄՆ զինվորականների անթույլատրելի գործունեությունը մեր սահմանների անմիջական հարևանությամբ»,- ամերիկյան ԱԹՍ-ի հետ կապված միջադեպից հետո հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

Միջադեպի մասին տեղեկացված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, սակայն, ձեռնոց է նետել Ռուսաստանի վերոնշյալ դիրքորոշմանը. Բայդենի վարչակազմի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի թռիչքները Սև ծովի տարածաշրջանում՝ չնայած խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպին:

Սուտ 2-րդ. EUCOM-ում հայտարարել են նաև, թե անօդաչուն «սովորական գործողություններ» էր կատարում Սև ծովի շրջանում գտնվող միջազգային օդային տարածքում, սակայն տեղի ունեցածը հանգեցրել է նրա «վթարի և լիակատար կորստի»:

Ռուսաստանի հերքումը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն այս կապակցությամբ հայտարարել է. «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ նպատակով են կիրառվում նման անօդաչու հետախուզական-հարվածային սարքերը»:

Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ ամերիկյան անօդաչու սարքերը հավաքում են հետախուզական տեղեկատվություն, որը Կիևն այնուհետ օգտագործում է Ռուսաստանին հարվածելու համար։ Անտոնովի խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ-ը «կդադարեցնի թռիչքները ռուսական սահմանների մոտ»։

Պարզվում է, ԱՄՆ-ի համար ԱԹՍ-ի «սովորական գործողություններ»-ը հենց այն են, ինչի մասին ասել է Անտոնովը՝ հետախուզական տեղեկություններ հավաքելը և Կիևին փոխանցելը, որպեսզի նրանք հնարավորինս շատ ՌԴ զինվորականների սպանեն, քանի որ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերն ինքն է հաստատել , որ MQ-9 անօդաչու թռչող սարքը հետախուզական առաքելություն է կատարել։

Ավելի վաղ Անտոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Սև ծովում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը դիտում է որպես սադրանք։ Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը զենք չի կիրառել ԱԹՍ-ի դեմ։ Ինչպես ընդգծել է Անտոնովը, «ռուս օդաչուները գործել են շատ պրոֆեսիոնալ»։

Սպիտակ տանը երեկ հայտնել են, որ Պետդեպարտամենտը մտադիր է կատարվածի առնչությամբ շփումներ ունենալ Ռուսաստանի հետ։ Պետդեպարտամենտը նույն օրը կանչել է ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովին։ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը մինչ այդ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դիվանագետին «կտրուկ անբավարարություն» կհայտնեն «ոչ պրոֆեսիոնալ կալանման» պատճառով։ Բացի այդ, նա հայտնել է, որ Մոսկվայում դեսպան Լին Թրեյսին «ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ին լուրջ հայտարարություն է փոխանցել» տեղի ունեցածի կապակցությամբ:

Ի՞նչ հայտարարություն… Այն, ինչ չի հրապարակվում, գաղտնի է պահվում, բնականաբար, ավելի հետաքրքիր է: Կարելի է ենթադրել, որ Թրեյսիի փոխանցած «լուրջ հայտարարություն»-ում ինչ- որ հաթաթա կա: Եվ եթե կա, ապա այսօրվա ճեպազրույցի ընթացքում միջադեպի առնչությամբ լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի պատասխանից  հասկանալի է, որ Ռուսաստանը դրանից բացարձակապես չի վախեցել: Իսկ, ահա, ամերիկյան CNN-ը հայտնել է, որ Սև ծովում MQ-9 ԱԹՍ-ի հետ կապված միջադեպը կարող է ուժեղացնել ԱՄՆ-ում աջակցությունն այն կարծիքին, որ Ուկրաինային օգնությունը չի մտնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության խնդիրների մեջ:

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Հանրապետական ​​կուսակցությունից երկրի ղեկավարի մեկ այլ հավանական թեկնածու՝ Ռոն ԴեՍանտիսը, հասկացնում են, որ Կիևին աջակցությանը կարող է «սպառնալ», եթե իրենք գան Սպիտակ տուն։

«(Անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո.- խմբ.) Թրամփի նախազգուշացումները, որ միայն ինքը կարող է դադարեցնել Երրորդ համաշխարհային պատերազմը, և ԴեՍանտիսի գլխավոր փաստարկը, որ Ուկրաինայի փրկությունը չի հանդիսանում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմնական շահը, հավանաբար ավելի մեծ աջակցություն կստանան»,- ասել է հեռուստաալիքի մեկնաբանը։

Ինչպես նշվել է CNN-ի հրապարակման մեջ, տեղի ունեցածը քայլ էր «սցենարի ուղղությամբ, որից բոլորը վախենում են»՝ ուղիղ բախում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զորքերի միջև:

 

Ինչ է իրականում տեղի ունեցել

Ամերիկյան հեռուստաալիքը նմանակել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի ընկնելը Սև ծովում: Ամերիկյան CBS հեռուստաալիքը շարունակելով զարգացնել միջադեպի վերաբերյալ ամերիկյան կեղծ բացատրությունը, նմանակել է «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարքի անկումը Սև ծովում։ Ալիքի եթերում ցուցադրվել է անկման մոտավոր սցենար։

Կադրերում երևում են ծովի վրայով թռչող ռուսական կործանիչը և ամերիկյան ԱԹՍ-ն։ Ինքնաթիռը մի պահ իջնում է ջրին ավելի մոտ, որից հետո այն կրկին բարձրանում է, ձախ պոչով (կիլով) ներքևից հարվածում MQ-9-ի իրանի հետևի մասին կամ նույն հատվածից հրում վերև, ինչից հետո «MQ-9 Reaper»-ը շրջվում է և ընկնում ծովը։

Վերոնշյալի կապակցությամբ նախ հարկ է ընդգծել, որ ցուցադրվածը տեսագրություն չէ, այլ ԱԹՍ-ի անկման մոտավոր սցենարի նմանակում համակարգչային տեխնոլոգիաների միջոցով: Բացի այդ, կործանչի օդաչուն որքան էլ պրոֆեսիոնալ լիներ, դժվար թե կարողանար վայրկյանի տասներորդական մասերի ճշգրտությամբ գործողություններ կատարել, որովհետև բավական է նա Սու-27-ը վայրկյանի 30-րդ կամ 25-րդ մասից շուտ վեր բարձրացներ, հարվածած կլիներ հենց պտուտակին, ինչը կպատառոտեր կործանչի կիլը:

Հորինովի են նաև այն տեղեկությունները, թե Սու-27-ն ամերիկյան ԱԹՍ-ի վրա ավիավառելիք է բաց թողել, որովհետև «MQ-9 Reaper»-ը չի հրդեհվել, բացի այդ, ավիավառելիքը նրան չէր կարող խորտակել, որովհետև ռազմավարական նշանակության «MQ-9 Reaper»-ը նախատեսված է նույնիսկ ամենահորդառատ անձրևի, ընդհանրապես, բարդ եղանակային պայմաններում թռչելու համար: Եվ, այնուամենայնիվ, այդպիսի ԱԹՍ-ն չէր կարող հենց այնպես ընկնել, ոչ էլ նրա օպերատորը կարող էր այն աստիճան անփորձ լինել, որ կատարեր խորտակիչ մանևր: Թե իրենից ինչ է ներկայացնում «MQ-9 Reaper»-ը, այսօր համառոտ տեղեկացրել են «Аргументы и Факты» -ն և «Коммерсантъ»-ը:

Ամենայն հավանականությամբ, Սու-27-ի օդաչուն այնպիսի մանևր է կատարել, որ կործանչի շարժիչներից արտածվող հզոր գազային հոսքից «MQ-9 Reaper»-ը կտրուկ մի կողմ է թեքվել, կորցրել կառավարումը և խորտակվել: Այսինքն, պատկերավոր ասած, փու են արել, «փչելով» ամերիկյան «ճնճղուկին» մի կողմ են քշել, ինչը նրա համար ունեցել է ճակատագրական ավարտ: Զենք չեն օգտագործել, ԱԹՍ-ին Սու-27-ի շփում չի եղել, ընդամենը՝ շարժիչների գազային հոսքով ուժեղ տուրբուլենտականություն ստեղծելով կամ մի կողմ հրելով… Եթե դա միտումնավոր է արվել, Սու-27-ի օդաչուին պետք է ՌԴ հերոսի կոչում տալ:

 

Արթուր Հովհաննիսյան