Տոյվո Կլաարը օրինական է համարում «Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության» մասին Ադրբեջանի գաղափարը
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարություններ է արել Լաչինի միջանցքի և Զանգեզուրի վերաբերյալ։
«Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների առումով թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Ուստի մենք չենք ուզում, որ Լաչինի ճանապարհով տեղափոխեն լարվածությունը մեծացնող բեռներ, և որ այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»,-ասել է Կլաարը՝ նշելով, թե այդ թափանցիկությանը հասնելու մի քանի եղանակ կա: «Կարծում եմ, որ դրանցից մի քանիսը նախկինում քննարկվել են: Օրինակ՝ անցակետում ունենալ լրացուցիչ սարքավորումներ, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ տարածքում փոխադրումները»:
Անդրադառնալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է․ «Կարծում եմ՝ Հայաստանում կարծիք կա, թե դրանք (Լաչինն ու Զանգեզուրը-խմբ.) երկու առանձին հարցեր են։
Դրանցից մեկը Լաչինի միջանցքն է, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության կետերից մեկում, միևնույն ժամանակ, կա նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հարցը, որն արտացոլված է 2020 թվականի հայտարարության մեկ այլ կետում։ Այնպես որ, հայտարարության մեջ դրանք հիշատակվում են տարբեր կետերում, և մոտեցումը տարբեր է։ Բայց, ի վերջո, այս հարցը բանակցությունների և քննարկումների առարկա է։ Իհարկե, մեր կարծիքն այն է, որ թափանցիկության առկայությունն իսկապես օրինական է, և միևնույն ժամանակ, մարդկանց, Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունենան անվտանգ տեղաշարժվելու հնարավորության զգացում»,-ասել է Կլաարը։