Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ. 3

«Մեսիջնե՞ր» Դժոխքից, թե…

 

Սկիզբը` այստեղ

Ընդերքը, ցավոք, միայն Թուրքիային չէ, որ հանգիստ չի տալիս: Աշխարհում սեյսմիկ ակտիվության աճն անժխտելի փաստ է: «Նոր երկրաշարժեր. ոչ միայն մեր տարածաշրջանը, նաև աշխարհն է դողերոցքի մեջ» վերտառությամբ մեր վերլուծականում ( ներկայացրել ենք վերջին շրջանում տեղի ունեցած տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրաշարժերի մի մասը՝ Թուրքիա (ընդ որում, ոչ  միայն օջախային գոտում…), Սիրիա, Իրան, Վրաստան, Ղազախստան, Ռումինիա, Տաջիկստան…

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժերը կարո՞ղ են արդյոք խթանել երկրաշարժեր Կովկասում, մասնավորապես, Անդրկովկասում, Հայաստանում… Ահա հենց այս հարցն է առավելապես հետաքրքրում մեզ՝ հայերիս, ու լիովին հասկանալի են ոչ վաղ անցյալում Սպիտակի երկրաշարժն ու դրա հետևանքները տեսածներիս մտահոգությունները, անհանգստությունը՝ կապված վերոնշյալ հնարավորության հետ:

Նախքան մասնագետների, գիտնականների կարծիքները ներկայացնելը, ընդգծենք, որ տվյալ հարցի պատասխանը բնությունը կամ մեր մոլորակի ընդերքն արդեն տվել է…

«Sputnik Армения»-ի փոխանցմամբ , փետրվարի 19- ին Վրաստանի արևմուտքում միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել։ 3.6 մագնիտուդով առաջին երկրաշարժը (ավելի քան 5 բալ) գրանցվել է տեղական ժամանակով 05:18-ին, էպիկենտրոնը՝ Օզուրգեթի քաղաքից 2 կմ հեռավորության վրա։ Հաջորդը՝ 3.0 մագնիտուդով, գրանցվել է ժամը 06:27-ին, էպիկենտրոնը գտնվել է «Գոմիս Մթա» հանգստավայրից 4 կմ, Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա։ 3.1 մագնիտուդով երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չոխատաուրիի շրջանի Բուկնարի գյուղում։ Երկրաշարժերի օջախները բոլոր երեք դեպքերում գտնվել են 10 կմ խորության վրա։

Մեր հրապարակումներից մեկում  Վրաստանում փետրվարի 19- ին տեղի ունեցած հիշյալ երկրաշարժերի մասին արդեն նշել էինք: Ուզում էինք հավատալ, որ դրանք որևէ կապ չունեն Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետ, սոսկ պատահականություն է, որ ժամանակային առումով մոտ են դրանց: Բայց, ահա, երեկ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացրեց  նույն օրը Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի մասին:

ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը 14:52-ին «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ»։

Ավելորդ չենք համարում նշել նաև Ղրիմի հարավային ափին փետրվարի 27-ին տեղի ունեցած, ըստ Ղրիմի դաշնային համալսարանի Սեյսմոլոգիայի և երկրադինամիկայի ինստիտուտի տնօրեն Յուրի Վոլֆմանի , 3.5 մագնիտուդով (Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4.4 մագնիտուդով) երկրաշարժի մասին: Ուշագրավ է, որ դեռ փետրվարի 7-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած կործանարար երկրաշարժերի հաջորդ օրը, Ղրիմում երկրաշարժի վտանգի մասին զգուշացրել էր  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գորշկովը:

«Այժմ մենք Թուրքիայի երկրաշարժի գոտում դիտում ենք կրկնակի ակտիվություն, ինչը, հնարավոր է, այսպիսի ռեակցիայի է հանգեցրել մեր տարածաշրջանում»,- ТАСС –ի տեղեկացմամբ , ասել է Սեյսմիկ և սողանքային վտանգների գնահատման, շինարարական օբյեկտների տեխնիկական զննման Ղրիմի հանրապետական կենտրոնի ղեկավար, սեյսմոլոգ Տատյանա Գորելովան:

РБК-ի տեղեկացմամբ, փորձագետները գնահատել են երկրաշարժի ժամանակ արաբական սալի տեղաշարժից բխող սպառնալիքը: Ըստ Ֆիզիկա- մաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկրաֆիզիկոս, սեյսմոլոգ Աննա Լյուսինայի, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ արաբական տեկտոնական սալը տեղաշարժվել է: Նրա մի հատվածում եղել է «լարման պարպում», սակայն ամբողջ սալն ակտիվացել է, ինչը կարող է հանգեցնել ստորգետնյա նոր ցնցումների։

Լյուսինայի կարծիքով, Արաբական սալի (աշխարհագրորեն համապատասխանում է Արաբական թերակղզուն)՝ Անատոլիական սալի հանդեպ (մայրցամաքային տեկտոնական սալ, որի գրեթե ամբողջ մասի վրա գտնվում է Թուրքիան) տեղաշարժվելու պատճառով սեյսմիկ ակտիվությունը կտարածվի սալի այլ մասերում:

«… այսինքն՝ լարումների վերաբաշխումը կարող է հանգեցնել նրան, որ ի հայտ գան նոր երկրաշարժեր՝ բավականին հեռավոր տարածքներում»,- պարզաբանել է Լյուսինան։

Նրա հետ համաձայն է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի և հետազոտությունների ազգային կենտրոնի առաջատար հետազոտող Գուիդո Վենտուրան:

Նա ՏԱՍՍ-ին հայտնել է, որ պետք է հետևել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումներին և տեսնել, թե «ինչպիսին կլինի ստորգետնյա ցնցումների միգրացիան»: Վենտուրայի կարծիքով, երկրաշարժեր կարող են տեղի ունենալ Մեռյալ ծովի տարածաշրջանում և Իրաքում, սակայն դա պարզ կլինի միայն տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը դիտարկելուց հետո։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան