Նոր երկրաշարժեր. մեր տարածաշրջանը, հարևան երկրները դողԷրոցքի մեջ են

Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել

 

Փետրվարի 17. ուժեղ երկրաշարժեր Թուրքիայում և Սիրիայում: 5,1 և 5.4 մագնիտուդով (երկրաշարժի ինտեսիվության բալային սանդղակով, այսինքն՝ Երկրի մակերևույթին ցնցումների արտաքին ուժգնությամբ՝ մոտ 7 բալ) երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում: Թուրքիայի հարավում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ , այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD): «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, երկրաշարժից հետո մի քանի շենք է փլուզվել:

Ըստ AFAD-ի տվյալների, երկրաշարժի օջախը գտնվել է Միջերկրական ծովում, 9,26 կմ խորության և թուրքական ափից 6 կմ հեռավորության վրա (Հաթայ գավառ)։ Ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայում։ Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ Իդլիբ գավառի հյուսիս-արևմուտքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ 3,4 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել Լաթաքիայից հյուսիս-արևմուտք։

Նույն օրը՝ փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 23:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:33-ին) Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5- 6 բալ: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում։

Փետրվարի 18. դարձյալ երկրաշարժ Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշ քաղաքից 54 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա. այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ղահրամանմարաշը երբեմնի հայկական Մարաշ քաղաքն է, որին թուրքերը, ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ռազմական փորձագետ, նշված սոցիալական ցանցի օգտատերերից Մհեր Հակոբյանը, «արհեստականորեն միացրել են «Ղահրաման» սկիզբը՝ նկատի ունենալով Կիլիկիայից արևմուտք գոյություն ունեցած Ղահրամանյանների էմիրությունը, որի տարածքը հայտնի էր որպես Ղահրամանիա»:

ТАСС-ի տեղեկացմամբ , Ղահրամանմարաշ քաղաքում ապրում է մոտ 376 000 մարդ։ AFAD-ի տվյալների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 22:31-ի սահմաններում և տևել 10 վայրկյան։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ղահրամանմարաշում և հարակից Ադիյաման և Ղազիանթեփ (Ղազինթեփե՝ երբեմնի հայկական Բայազետի գավառի կենտրոնական մասում գտնվող Այնթապ գավառակ) գավառներում։

Քանդիլլի սեյսմիկ կայանի տվյալներով՝ երկրաշարժի էներգիան բնութագրող մեծությունը, ըստ Ռիխտերի սանդղակի, կազմել է 5,3 մագնիտուդ։ Փլուզվել են փետրվարի 6-ի ցնցումներից տուժած մի քանի շենքեր, կան նաև ոչ մեծաթիվ զոհեր: Իշխանությունները բնակիչներին խնդրել են հեռու մնալ վնասված շենքերից՝ ամեն պահի դրանց փլուզման վտանգի պատճառով։

Փետրվարի 19. այսօր առավոտյան Վրաստանի արևմուտքում, «Sputnik Армения»-ի տեղեկացմամբ, միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է «Sputnik Грузия»-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։ Նշվում է, որ 3.6 մագնիտուդով առաջին երկրաշարժը (ավելի քան 5 բալ) գրանցվել է տեղական ժամանակով 05:18-ին՝ Օզուրգեթի քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա։

3.0 մագնիտուդով հետցնցումներ են տեղի ունեցել ժամը 06:27-ին՝ «Գոմիս Մթա» հանգստավայրից 4 կիլոմետր, Օզուրգեթիից 14 կիլոմետր հեռավորության վրա։ 3.1 մագնիտուդով երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չոխատաուրիի շրջանի Բուկնարի գյուղում։ Երկրաշարժի աղբյուրը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Յունուս Սեզերն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի (7.7 և 7.6 մագնիտուդով, միմյանցից շուրջ 9 ժամ ընդմիջմամբ) զոհերի թվաքանակը Թուրքիայում հասել է 40 642-ի ։ Բազմաթիվ աղբյուրներ առաջին երկրաշարժի մագնիտուդը ներկայացնում են նաև 7.8:

Հավելենք նաև, որ հիմա զոհերի թվաքանակն էլ ավելին կլինի, որովհետև փլվածքների տակից դեռ նորանոր դիեր են դուրս բերվում, բացի այդ, ծանր վնասվածքներ ստացածների մի մասը մահանում է, բոլորի կյանքը չի հաջողվում փրկել: Վերջին տեղեկությունների  համաձայն՝ երկրաշարժի հետևանքով միայն Թուրքիայում վիրավորում ստացածների թվաքանակը մոտենում է 110 000-ի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ օրեր առաջ հայտարարել էր, որ երկրաշարժից տուժած շրջաններից տարհանվել է 2,2 միլիոն մարդ։ Առաջին ավերիչ երկրաշարժից հետո, AFAD-ի տեղեկացմամբ, երկրում տարբեր ուժգնության ավելի քան 4300 ցնցում է գրանցվել։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, երկրաշարժից կարող է տուժել մոտ 23 միլիոն մարդ Թուրքիայում և Սիրիայում, այդ թվում՝ 1,4 մլն երեխա (ոչ միայն զոհեր ու վիրավորներ, այլև անօթևան մնացածներ, տների վնասվածքներ ստացածներ, այլ առումներով նյութապես տուժածներ): Ներկայիս տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի տասը նահանգում երկրաշարժի ետևանքները զգացել է 13,5 մլն մարդ: Սիրիայում, ըստ երեկվա պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 8500 մարդ։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կանգնած է ոչ միայն իր պատմության, այլև մարդկության պատմության ամենամեծ բնական աղետներից մեկի առջև: Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Բուգրա Գյոքչեն, ТАСС-ի տեղեկացմամբ , փետրվարի 17-ին հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով կարող են ակնթարթորեն փլուզվել 10 000 բնակչի տներ: Ստամբուլի մոտ 10 000 բնակիչ ապրում է տներում, որտեղ երկրաշարժի ժամանակ ակնթարթային փլուզման վտանգ կա:

«Քաղաքի 318 շենք, որտեղ ապրում է մոտ 10 000 մարդ, ակնթարթային փլուզման վտանգի տակ են (երկրաշարժի ժամանակ): Այս շենքերը նույնիսկ չունեն սեյսմակայունության E դաս (ամենացածր դասը.- ՏԱՍՍ-ի նշումը)։ Ստամբուլում ևս 1525 շենք D և E դասի են, սա մեծ ռիսկ է»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել «Demiroen»-ը:

Ըստ գիտնականների, Ստամբուլը սեյսմիկ վտանգի առումով գտնվում է բարձր ռիսկային գոտում։ Մեգապոլիսում հզոր երկրաշարժի դեպքում հազարավոր տներ կարող են փլուզվել, իսկ զոհերի թիվը կարող է շատ արագ հասնել տասնյակ հազարների: Թուրքիան իսկապես շատ ծանր հարված է ստացել, որի անմիջական հետևանքները դեռ ամբողջությամբ հայտնի չեն, առավել ևս՝ այն հետևանքները, որոնք Թուրքիայի տնտեսության մեջ և այլ ոլորտներում ի հայտ կգան միայն ամիսներ կամ տարիներ հետո:

Հիմա անդրադառնանք հոդվածի սկզբում առաջադրված հարցին՝ ինչո՞ւ, ի՞նչ պատահել, ի՞նչու են հարևան երկրներում, մեր տարածաշրջանում մեկը մյուսին հաջորդում ուժեղ երկրաշարժերը… Այս հարցի պատասխանն արդեն տրված է և ավելի քան մեկ շաբաթ առաջ կանխատեսված են այն երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել երեկ, դրա նախօրեին և ավելի վաղ ու… դեռ տեղի են ունենալու:

Փետրվարի 6-ին Ղահրամանմարաշ քաղաքից շուրջ 60 կմ հյուսիս- արևելք սովորական երկրաշարժ չի եղել, գրանցված ցուցանիշները գրեթե մոտ են առավելագույնին: Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարն ավելի  վազ ասել է, որ այս երկրաշարժը հետևանքների տեսանկյունից կարելի է համեմատել 500 միջուկային ռումբի պայթյունի հետ:

Ինչպես արդեն նշել ենք մեր «Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր. 2» վերտառությամբ հոդվածում , փետրվարի 6-ի երկրաշարժերն իրենց էներգիան բնութագրող մեծությամբ՝ մագնիտուդով, որը գրանցվել է 7.4- 7.8 ըստ Ռիխտերի սանդղակի (սանդղակի առավելագույն միավորը 9.5-ն է), ինչպես նաև Երկրի մակերևույթին ցնցումների արտաքին ուժգնությամբ՝ մարդկանց, իրերի, շինությունների, բնության օբյեկտների վրա ազդեցությամբ, որը երկրաշարժի ինտեսիվության բալային սանդղակով գնահատվել է 10-11 բալ, գերազանցել են Սպիտակի երկրաշարժի մագնիտուդին (տարբեր գնահատականներով՝ 6.9- 7.1), ինչպես նաև արտաքին ուժգնությանը (9-10 բալ):

Այդ օրը չգիտես ընդերքից դուրս եկած, թե երկնքից ընդերք մտած (հասկանում ենք այս վերջին մասի առումով ընթերցողների զարմանքը, տարակուսանքը, բայց գրվածին առաջիկայում դեռ կանդրադառնանք) էներգիան այնքան ահռելի է եղել, որ Թուրքիայի հարավում, Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Հաթայ նահանգի Թեփեհան գյուղի 35 հա մակերեսով ձիթապտղի դաշտում առաջացել է շուրջ 30 մետր խորությամբ և մոտ 200 մետր լայնությամբ հսկայական ճեղքվածք: Փոքր ու մեծ բազմաթիվ ճեղքվածքներ են առաջացել նաև այլ վայրերում, այդ թվում նաև՝ քաղաքներում:

Բայց ամենակարևորը թերևս այն է, որ փետրվարի 6-ին Անատոլիական և Արաբական սալերը դրանց շփման կամ բախման հատվածում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետևանքով, ըստ Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության իտալական ազգային ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Կարլո Դոլիոնիի, միմյանց նկատմամբ տեղաշարժվել են մոտ 3 մետրով:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Արաբական սալը (աշխարհագրորեն համապատասխանում է Արաբական թերակղզուն) հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք շարժվել է մոտ 3 մ՝ Անատոլիական սալի համեմատ (մայրցամաքային տեկտոնական սալ, որի վրա գրեթե ամբողջությամբ Թուրքիան է). այս մասին, RБК-ի տեղեկացմամբ, ասել է Դոլիոնին և հավելել, որ «3 մ շեղումը նախնական գնահատական ​​է»:

«Մեր ունեցած գնահատականներից, որոնք աստիճանաբար ճշգրտվում են, գիտենք, որ խզվածքի առնվազն 150 կիլոմետրանոց հատվածն ակտիվացել է մինչև 3 մ և ավելի տեղաշարժով»,- տեղեկացրել է իտալացի գիտնականը:

«Մեր հաշվարկներով և ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության նախնական գնահատականով՝ տեղաշարժը տվյալ հատվածի երկայնքով կազմում էր մոտ 3 մետր, բայց հետո ճեղքվածքը տարածվել և տեղաշարժը շարունակվել է»,- հետագայում ասել է երկրաշարժագետը:

Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետ Ալեսանդրո Ամատոյի կարծիքով, նշված սալի տեղաշարժը շատ ավելին է՝ 10 մետր:

«Սեյսմիկ իրավիճակը Թուրքիայում և Սիրիայում կրիտիկական է մնում,- ասել է Ամատոն իտալական «Corriere della Sera» օրաթերթին:- Երկրաշարժն Անատոլիական սալով տարածվել է 100 կիլոմետր արևելքի և արևմուտքի ուղղությամբ, դա հանգեցրել է Անատոլիական սալի 10 մետրի հասնող տեղաշարժի»:

Գիտնականն ասել է նաև, որ «Անատոլիական սալն Արաբական սալի համեմատությամբ տարեկան տեղաշարժվում է 2 սանտիմետրով, և այդ գործող ուժերը նպաստում են էներգիայի կուտակման», մինչդեռ այս դեպքում, ինչպես արդեն նշեցինք, տեղաշարժը կազմել է 3, իսկ ըստ Ամատոյի, նույնիսկ 10 մետր:

Նիդերլանդացի գիտնական Ֆրանկ Հուգերբիտը համարում է, որ Մերձավոր Արևելքում սկսվել է տեկտոնական սալերի շարժի էական փոփոխություն, ինչն էլ հանգեցնելու է երկրակեղևում լարվածության վերաբաշխման և հետագա ստորգետնյա ցնցումների (ընդգծենք, որ երեկվա ու դրա նախօրեի երկրաշարժերը հենց դրա արտահայտությունն են), իսկ թուրք երկրաշարժագետ Դողան Փերինչիկը զգուշացրել է, որ Թուրքիայում նոր ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը կարող է լինել Մարմարայի ծովի Չինակալի նավահանգստի շրջանում:

Թուրքիայի փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը, որի արհեստական խթանման ենթադրությունը գնալով նոր հիմնավորումներ է ստանում, դատելով ամենից, պատճառ է հանդիսացել սեյսմիկ ակտիվության խթանման ոչ միայն Թուրքիայում, այլև տարածաշրջանում ու նույնիսկ տարածաշրջանից դուրս:

 

Արթուր Հովհաննիսյան