Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ. 2

«Մեսիջնե՞ր» Դժոխքից, թե…

 

Սկիզբը` այստեղ 

 

Թուրքիայում բնակչությունը վախեցած է, շատ մարդիկ նույնիսկ խուճապահար վիճակում են: Ստորգետնյա յուրաքանչյուր ցնցման դեպքում՝ ուժեղ լինի այն, թե թույլ (ինչ իմանաս, որ թույլն էլ վայրկյանների ընթացքում չի ուժեղանա), նրանք շենքերից գլխապատառ դուրս են նետվում, ոմանք նույնիսկ պատուհաններից են ցատկում՝ ստանալով ոտքերի և այլ կոտրվածքներ, կան նաև պատուհաններից ցատկելու, ինչպես նաև ծայրահեղ սթրեսային վիճակում ինֆարկտից մահացածներ:

Թուրքիայում կործանարար երկրաշարժերի զոհերի թվաքանակը գերազանցել է 45 000- ը։ Այս մասին գրել է է թուրքական «Hurriyet» պարբերականը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD)։

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 45 089 մարդ, աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 1,9 միլիոն քաղաքացի»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտնել են վերոնշյալ վարչությունից։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրաշարժից տուժած շրջաններից տարհանվել է 2.2 մլն մարդ։ Միայն Թուրքիայում 110 000-ից ավելի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Երեկ՝ փետրվարի 28-ին, 4.0 մագնիտուդով (մոտ 6 բալ) մի նոր երկրաշարժ է տեղի ունեցել  Թուրքիայի կենտրոնական մասում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կայսերի (Կեսարիա, երբեմնի հայկական Փոքր Հայքի Մաժաք, ավելի վաղ՝ Մշակ) քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան 1 մլն մարդ։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ (երբեմնի հայկական Մարաշ) նահանգում 7.7 և 7.6 մագնիտուդով երկու կործանարար երկրաշարժերը երկրում ամենահզորն են դարձել վերջին 84 տարիների ընթացքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրանք անվանել է վերջին հարյուրամյակի ամենաուժեղ տարերային աղետը եվրոպական տարածաշրջանում: ԱՀԿ-ի գնահատմամբ, Թուրքիայում և Սիրիայում աղետից այս կամ այն ​​կերպ տուժել է 23 մլն մարդ։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են ավելի քան 10 000 հետցնցումներ, գրանցվել են Թուրքիայի 11 նահանգներում, ինչպես նաև հարևան երկրներում։

Թուրքիայի իշխանությունները փետրվարի 6-ի երկրաշարժերը բնութագրելով աննախադեպ, հայտարարել են, որ դրանք «դարի աղետն են»: Անօթեւան մնացածները տեղավորված են ավելի քան 358 000 վրաններում, կոնտեյներային օթևաններում (տնակներում), ինչպես նաև հյուրանոցներում: Հավելենք նաև, որ Երկրաշարժերից հետո Թուրքիայում ավելացել են սթրեսներից և մաշկային հիվանդություններից բողոքները…

Մինչ մեզանից ոմանք եզրակացնում են, որ հայի հողը թուրքին վրա չեկավ, հարամ եղավ, հայերիցս ցեղասպանությամբ զավթած հողը չհանդուրժեց եղեռնագործների սերունդներին, երերաց թուրքերի ոտքերի տակ ու կործանեց նրանց, փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում և ինչ է սպասվում հարևան երկրում, մեր տարածաշրջանում ու դրանից դուրս…

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 20-ին տեղի ունեցած նոր ստորգետնյա ցնցումները անոմալ ուժեղ են եղել և «տհաճ ախտանիշն» են այն բանի, որ սեյսմիկ ակտիվությունն այս տարածաշրջանում երկար է լինելու. այս մասին «Իզվեստիա»– ին ասել են  գիտնականները: Ընդ որում, նրանց կարծիքով, վտանգի տակ են գտնվում Միջերկրական ծովի սեյսմավտանգ գոտիներում գտնվող նաև այլ երկրներ ՝ Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան, Պորտուգալիան։ Անսովոր երկար ստորգետնյա ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ափամերձ գոտիներում լիթոսֆերային սալերի շարժը տեղի է ունենում ավելի հաճախ և ավելի ուժեղ է զգացվում, քան մայրցամաքում:

Թուրքիայում և Սիրիայում իրադարձությունները զարգանում են բոլորովին էլ ոչ այն սցենարով, որը կանխատեսել է գիտնականների մեծ մասը։ Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժից հետո սեյսմոլոգները ասել են, որ ցնցումները դեռ որոշ ժամանակ կշարունակվեն, սակայն դրանց ուժգնությունը նկատելիորեն կնվազի։ Չնայած դրան, փետրվարի 20-ին երկու երկրների սահմանին 6.4 և 5.8 մագնիտուդով նոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի փորձագետները դեռ այն ժամանակ (փետրվարի 20-ին) հայտնել են, որ սա տարածաշրջանում վերջին երեք օրվա ընթացքում 9-րդ ուժեղ երկրաշարժն է։

«Վերջին ցնցումն իսկապես անոմալ ուժեղ է եղել, և սա տհաճ ախտանիշ է,- «Իզվեստիա»-ին» ասել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի Երկրի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Տրոյանը:- Մինչ այդ հետցնցումների ինտենսիվության նվազման միտում էր նկատվում։ Այժմ տվյալ տարածաշրջանում դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։ Չեն բացառվում զգալի ստորգետնյա ցնցումները նաև Թուրքիային մերձակա սեյսմավտանգ գոտիներում. դա վերաբերում է Իտալիային, Հունաստանին, Կիպրոսին, Իսպանիային, Պորտուգալիային և Միջերկրածովյան տարածաշրջանի հետ կապված այլ երկրներին։ Աշխարհի մյուս մասերում աղետալի երկրաշարժ չի սպասվում»։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի՝ ինժեներական սեյսմոլոգիայի և սեյսմիկ վտանգի գնահատման գծով տեղակալ, ուժեղ երկրաշարժերի և սեյսմաչափության լաբորատորիայի վարիչ Ռուբեն Թաթևոսյանի կարծիքով, վերջին երկրաշարժի օջախային գոտում, որը ձգվում է մի քանի հարյուր կիլոմետր, հավանաբար կլինեն այլ զգալի ցնցումներ:

«Փետրվարի 20-ի իրադարձությունները տեղի են ունեցել փետրվարի 6-ի իրադարձությունների նույն գոտում,- նշել է մասնագետը։- Ուժեղ երկրաշարժն ուղեկցվում է հետագա ցնցումներով, որոնք որոշվում են գլխավոր հարվածի մագնիտուդով։ Եթե ​​այն մեծ է եղել, ուրեմն շարքն ավելի երկար է տևում և նրանում լինում են ավելի հզոր ցնցումներ։ Իր 7.8 մագնիտուդով արտասովոր այս հարվածի դեպքում դրանք կարող են շարունակվել ամիսներ»։

Այո, ուժեղ երկրաշարժն ուղեկցվում է հետագա ցնցումներով՝ հետցնցումներով, դա հայտնի իրողություն է, սակայն փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո Թուրքիայում, ի տարբերություն փետրվարի 20-ի երկրաշարժերի, տեղի են ունեցել նաև այլ երկրաշարժեր, օրինակ, փետրվարի 27-ին Իզմիրի նահանգի Ֆոչի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 4.1 մագնիտուդով, օջախի 14.5 կմ խորությամբ երկրաշարժը , հենց երեկ Կայսերիում տեղի ունեցած 4.0 մագնիտուդով երկրաշարժը , որոնք տվյալ երկրաշարժերի օջախային գոտուց դուրս են և իրենց բնույթով նոր երկրաշարժեր են, ոչ թե հետցնցումներ:

Ավելին. փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել  նաև, ընդհանրապես, Թուրքիայի տարածքից դուրս, ինչպես նաև մեր տարածաշրջանից դուրս , որոնցից մեկը նույնիսկ՝ 7.3 մագնիտուդով (շուրջ 9 բալ):

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիդերլանդացի գիտնական Ֆրանկ Հուգերբիտի կարծիքով, Մերձավոր Արևելքում սկսվել է տեկտոնական սալերի շարժի էական փոփոխություն, ինչն էլ հանգեցնելու է երկրակեղևում լարվածության վերաբաշխման և հետագա ստորգետնյա ցնցումների, իսկ թուրք երկրաշարժաբան Դողան Փերինչիկը զգուշացրել է, որ Թուրքիայում նոր ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը կարող է լինել Մարմարայի ծովի Չինակալի նավահանգստի շրջանում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան