Նոր երկրաշարժեր. ոչ միայն մեր տարածաշրջանը, նաև աշխարհն է դողերոցքի մեջ

Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել

 

Փետրվարի 19-ին «Նոր երկրաշարժեր. ոչ միայն մեր տարածաշրջանը, աշխարհն է արդեն դողերոցքի մեջ» հոդվածը  հրապարակման պատրաստելիս արդեն իսկ կային որոշ փաստեր, որոնք թույլ էին տալիս եզրակացնել, որ փետրվարի 6-ից սկսված «ուժեղ», «ավերիչ» և «կործանարար» դասի երկրաշարժերի աշխարհագրությունը չի սահմանափակվում սոսկ Թուրքիայով կամ թեկուզ նույնիսկ մեր տարածաշրջանով: Սակայն ունեցած փաստերը դեռ բավարար չհամարեցինք եզրակացնելու և հայտարարելու համար, որ սեյսմիկ ակտիվությունը կտրուկ աճել է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում:

 

Նախ փաստերը

Տարածաշրջանային երկրաշարժեր. ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին միմյանցից շուրջ 9 ժամ ընդմիջմամբ տեղի ունեցած 7.8 (այլ տվյալներով՝ 7.7) և 7.6 մագնիտուդով կործանարար երկրաշարժերից հետո (վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում զոհվել է առնվազն 43 500 մարդ, Սիրիայում՝ առնվազն՝ 8500) նշված երկրներում բազմաթիվ այլ երկրաշարժեր տեղի ունեցան:

Հիշատակենք դրանցից միայն վերջինները. փետրվարի 17-ին 5,1 մագնիտուդով, օջախի 9,26 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում: Նույն օրը 5.4 մագնիտուդով (երկրաշարժի ինտեսիվության բալային սանդղակով, այսինքն՝ Երկրի մակերևույթին ցնցումների արտաքին ուժգնությամբ՝ մոտ 7 բալ) երկրաշարժ է գրանցվել Սիրիայում: Դարձյալ փետրվարի 17-ին 4.3 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք:

Փետրվարի 18-ին Թուրքիայում հերթական երկրաշարժն է արձանագրվել, երկրաշարժի էներգիան բնութագրող մեծությունը, ըստ Ռիխտերի սանդղակի, կազմել է 5.3 մագնիտուդ, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Փետրվարի 20-ին Թուրքիայում ավերիչ նոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել միմյանցից րոպեների տարբերությամբ։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Հաթայ գավառի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ նույն գավառի Սամանդաղ շրջանում։ Ավելի ուշ հայտնի է դարձել Թուրքիայում նույն օրն արդեն երրորդ՝ ժամը 20:19-ին Սամանդաղում տեղի ունեցած 5,2 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Վերոնշյալ երկրաշարժերի ցնցումները զգացվել են Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Իսրայելում և Եգիպտոսում։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղի սեյսմոլոգները Թուրքիայի հետ սահմանային գոտում գրանցել են 6,3 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը (ընդերքում օջախը) գտնվել է 16 կմ խորության վրա։

Հաթայի շրջանի ղեկավար Լյութֆյու Սավաշը հայտնել է, որ կան տուժածներ, որոնք գտնվում են փլատակների տակ։ Haberturk հեռուստաալիքը տեղեկացրել է Դեֆնեում տների ավերման մասին։ Թուրքիայում զոհվել է առնվազն 11 հոգի, ավելի քան 1000 հոգի դիմել է բուժօգնության: Զոհեր ու վիրավորներ են գրանցվել նաև Սիրիայում:

Փետրվարի 19-ին Վրաստանում միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել՝ 3.6 (ավելի քան 5 բալ), 3 և 3.1 մագնիտուդով: Երկրաշարժի աղբյուրը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

 

Արտատարածաշրջանային երկրաշարժեր.

Փետրվարի 6-ին՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հենց նույն օրը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , Մոսկվայի ժամանակով 16:02-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանի հարավում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 628 կմ դեպի արևմուտք: Եվս մեկ երկրաշարժ՝ 4 մագնիտուդով, «РИА Новости»-ի փոխանցմամբ , տեղի է ունեցել փետրվարի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15.35-ին, Ղազախստանի արևելքում, Ռուսաստանի հետ սահմանի մոտ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռուսաստանին սահմանակից Ղազախստանի Կատոն-Կարագայ շրջանում (Ալթայ)։

Փետրվարի 14-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայում, որը երկրում տվյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միջին ուժգնության երկրորդ երկրաշարժն է՝ փետրվարի 13-ի 5,2 մագնիտուդով երկրաշարժից հետո:

Այսօր՝ փետրվարի 23-ին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , Տաջիկստանում, Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանի սահմանի մոտ տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ (ըստ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի , 7,2 մագնիտուդով):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 03:37-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ Երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Ղազախստանի Ալմաթի քաղաքում, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

 

Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել…

Մեկը մյուսին հաջորդող տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրաշարժերը, որոնց ոչ ամբողջական ցանկը վերևում ներկայացվեց, հուշում են, որ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի ընթացքում ու դրանից հետո տեղաշարժվել և ակտիվացել են ոչ միայն Անատոլիական և Արաբական տեկտոնական սալերը… Ակտիվացել է նաև Եվրասիական սալը:

Թուրքիայի փետրվարի 6-ի երկրաշարժը, որի հարուցած ստորգետնյա ցնցումները գրանցվել են ոչ միայն Հունաստանում, Եգիպտոսում, Լիբանանում, Աբխազիայում, Վրաստանում, Կիպրոսում, այլև նույնիսկ Գրենլանդիայում, հավանաբար «տրիգերի» դեր է կատարել, յուրօրինակ ձգան հանդիսացել ու խթանել բազմաթիվ երկրաշարժեր տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս, ու դեռ… խթանելու է: Իսկ ինչո՞ւ հավանաբար… Այստեղ մի շատ նուրբ ու կարևոր խնդիր կա՝ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած բուն երկրաշա՞րժն է խթանել վերոնշյալ երկրաշարժերը, թե սեյսմիկ զենքի հավանական կիրառման արդյունքում Երկրի ստացած այն արհեստական ազդակը, որն ինքն է խթան հանդիսացել ու հարուցել փետրվարի 6-ի երկրաշարժը…

Ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ հրապարակված հոդվածաշարում , կան որոշ հիմքեր՝ ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր:

 

Արթուր Հովհաննիսյան