Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ

«Մեսիջնե՞ր» Դժոխքից, թե…

 

Ոմանց կարծիքով, Թուրքիայում փետրվարի 6-ին ու դրանից հետո տեղի ունեցած կործանարար, ավերիչ երկրաշարժերը Թուրքիային, Թուրքիայի ղեկավարությանը ու նույնիսկ ժողովրդին ուղղված յուրօրինակ «մեսիջներ» են Դժոխքից, Աստծո բարկության, զայրույթի արտահայտությունը Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի թեկուզ մասնակի, սահմանափակ մասնակցության դիմաց:

Ոմանք էլ, երբ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհերի թվաքանակը հասավ 44 000-ի, փորձեցին նշված թիվն արհեստականորեն կապել 2020թ. պատերազմի քառասունչորսօրյա լինելու հետ, այսինքն՝ Քառասունչորսօրյա պատերազմի դիմաց 44 000 զոհ, դե ստացեք…

Բնավ չկիսելով վերը նշված կարծիքները, թվային հիշյալ համընկնմամբ մխիթարվողներին հիասթափեցնեմ, որ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհերի թվաքանակն արդեն գերազանցել է 44 000-ին ու դեռ աճելու է… Բացի այդ, ո՞վ կարող է պատասխանել ընդամենը մեկ հարցի՝ իսկ մենք ո՞ր երկրի դեմ էինք պատերազմել, ո՞ր ժողովրդի հանդեպ էինք եղել անարդարացի, և մեր ո՞ր մեղքի համար տեղի ունեցավ Դեկտեմբերյան (Սպիտակի) երկրաշարժը…

Տվյալ դեպքում միստիկային տուրք տալու փոխարեն, պետք է առաջնորդվել առկա փաստերով, հրապարակված տեղեկություններով (այդ թվում նաև՝ մասնագետների կողմից) ու գիտությամբ, որոնք նորանոր հիմքեր են տալիս ենթադրելու, որ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էին:

Դեռ փետրվարի 6-ին հրապարակված վերլուծականում տողերիս հեղինակի կանխատեսումը, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թվաքանակն աճելու է, ինչպես նաև հետագայում հրապարակված մյուս կանխատեսումը  նոր երկրաշարժերի, դրանց խթանման մասին, լիովին արդարացան:

Ըստ վերջին տեղեկությունների , Թուրքիայում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժի հետևանքով զոհվել է 44 374 մարդ:

Իսկ, ահա, երեկ հաղորդվեց Թուրքիայում նույն օրը տեղի ունեցած երկու նոր երկրաշարժի մասին: Փետրվարի 27-ին Թուրքիայի արևելքում, երբեմնի հայկական Մալաթիա քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք տեղի ունեցած 5.8 մագնիտուդով (մոտ 7.5 բալ) երկրաշարժի հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, մեկ մարդ մահացել է, 69-ը վիրավորվել, 25 շենք է ավերվել, այս մասին հայտնել է «TRT Haber»-ը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD): Այլ տեղեկությունների համաձայն՝ կան զոհեր, վիրավորները կրկին հարյուրավորներն են։

Թուրքիայում հերթական երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:04-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Յեշիլյուրտ գավառում, 340 000 բնակչությամբ համանուն քաղաքի մոտ և 441 000 բնակչությամբ Մալաթիա քաղաքից 16 կմ հարավ-արևելք, 449 000 բնակչությամբ Շանլիուրֆա (երբեմնի հայկական Ուրֆա, նախկինում՝ Եդեսիա, հնագույն անվանումը՝ Օրրոե) քաղաքից 123 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը (հիպոկենտրոնը) գտնվել է 6.9 կմ խորության վրա։ Այլ տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 2 կմ խորության վրա։ Հիմնական հարվածը ստացել է Մալաթիա նահանգը: Շենքերի փլվածքները դեռ մաքրվում են։

Կարծում ենք, ինքնին պարզ է, որ Մալաթիայի երկրաշարժի, առնվազն 25 շենքի ավերման հետևանքով չէր կարող ընդամենը 1 հոգի զոհվել: Կասկածից դուրս է, որ զոհերի թվաքանակն առաջիկայում աճելու է: Այս կապակցությամբ հիշեցնենք, որ փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով, նույն օրվա վերջին տեղեկությունների համաձայն, Թուրքիայում և Սիրիայում զոհերի թվաքանակն անցել էր 2000-ից, մինչդեռ երեկվա վերջին տեղեկությունների համաձայն, փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով միայն Թուրքիայում զոհերի թվաքանակն արդեն հասել է 44 374-ի:

Երեկվա երկրաշարժը թուրքական հեռուստաալիքներից մեկի լրագրողներին բռնել է հենց ուղիղ եթերում, հարցազրույցն ավարտվել է մասնակիցների փախուստով։ Նոր երկրաշարժի կադրերը նհեռարձակել է թուրքական հեռուստատեսությունը, դրանք խուճապ են առաջացրել բնակչության շրջանում։

Մալաթիայում փրկարարները փորձում են մարդկանց դուրս բերել ջարդոտված մեքենաներից, որոնք շատ մոտ են եղել փլված շենքերին։ Արդեն պաշտոնապես հաղորդվում է որ Մալաթիայում երկրաշարժի հետևանքով տասնյակ շենքեր են ավերվել, բազմաթիվ քաղաքացիներ մնացել են փլվածքների տակ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Փլուզված շենքերի մեծ մասը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո արդեն վթարային և անմխիթար վիճակում է եղել, ուստի դրանցում մարդ չի ապրել։ Սակայն շենքերի մի մասը, որոնք փորձագետները փետրվարի 6-ից հետո ճանաչել էին սեյսմադիմացկուն, չեն կարողացել դիմակայել նոր տարերքի ազդեցությանը:

«Ես կոչ եմ անում բնակիչներին հեռու մնալ վնասված շենքերից»,- ասել է AFAD-ի ղեկավար Յունուս Սեզերը։

Երեկ, նույն օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Թուրքիայի Իզմիր նահանգի Ֆոչի քաղաքի մոտակայքում. այս մասին փետրվարի 27-ին հայտնել է  «Hörriyet» թերթը։ 4.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 21:22-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 14.5 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին երկու նոր երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայ նահանգում (6.4 և 5.8 մագնիտուդով), իսկ փետրվարի 24-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Սիվաս (երբեմնի հայկական Սվազ) քաղաքի տարածքում։

Տարերքի նոր հարվածների և նոր զոհերի համապատկերին շատ թուրքեր կորցրել են իրենց հավատը Անկարայի քաղաքականության նկատմամբ: Իսկ սեյսմոլոգները կրկին զգուշացնում են պաշտոնյաներին, որ փետրվարյան երկրաշարժերին հաջորդել են ավելի քան 10 000 հետցնցումներ, արձանագրվել են նաև նոր երկրաշարժեր… Նրանց հավաստմամբ, Թուրքիան ցնցվելու է գուցե դեռ մի քանի տարի։

Փրկված թաղամասերում մեծ հավանականությամբ կլինեն նոր փլուզումներ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիայի հարավ-արևելքի գրեթե 2 մլն բնակիչ մնացել է անօթևան, զոհվել է ավելի քան 45 000 մարդ։ Փետրվարին տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի վնասը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի հարյուր միլիարդ դոլարը, իսկ վերականգնման համար կպահանջվի մի քանի տարի։

Սեյսմոլոգների ամենամռայլ կանխատեսումները փաստորեն իրականանում են. Թուրքիան դարձյալ նորանոր հարվածների տակ է:

«Սեյսմիկ իրավիճակը Թուրքիայում և Սիրիայում կրիտիկական է մնում,- իտալական «Corriere della Sera» օրաթերթին ավելի վաղ ասել է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետ Ալեսանդրո Ամատոն:- Երկրաշարժն Անատոլիական սալով տարածվել է 100 կիլոմետր արևելքի և արևմուտքի ուղղությամբ, դա հանգեցրել է Անատոլիական սալի 10 մետրի հասնող տեղաշարժի»:

Գիտնականն ասել է նաև, որ «Անատոլիական սալն Արաբական սալի համեմատությամբ տարեկան տեղաշարժվում է 2 սանտիմետրով, և այդ գործող ուժերը նպաստում են էներգիայի կուտակման», մինչդեռ այս դեպքում տեղաշարժը կազմել է 10 մետր:

Ինչպես արդեն նշել ենք մեր վերլուծականներից մեկում, Թուրքիայի փետրվարի 6-ի կործանարար, ավերիչ երկրաշարժերը, դատելով ամենից, պատճառ են հանդիսացել սեյսմիկ ակտիվության խթանման, ընդ որում,  ոչ միայն Թուրքիայում, այլև տարածաշրջանում ու նույնիսկ տարածաշրջանից դուրս:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան