Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել է Արայիկ Հարությունյանը. NEWS.am

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ փետրվարի 24–ին կայացած հանդիպումից 5 օր անց պաշտոնապես չի տեղեկացվում, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել՝ որպես Արցախի ներկայացուցիչներ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախից հանդիպմանը մասնակցել է 3 պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ և Անվտանգության խորհրդի մեկական ներկայացուցիչներ։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։

«Բանակցողների անուններն առ այս պահը չի հրապարակվել ու դեռ չի հրապարակվելու»,– ընդգծեց նա։

Լուսինե Ավանեսյանը տեղեկություն չուներ, թե քանի անձ է Արցախից բանակցություններին մասնակցել։

Հիշեցնենք, որ մինչև պաշտոնից ազատվելը՝  նման հանդիպումներին Արցախից մասնակցում էր Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Լաչինի միջանցքը փակվելուց հետո սա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր. առաջինը տեղի էր ունեցել հունվարի 15–ին՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով, սակայն Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չէր արձանագրվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանն էլ Արցախից մասնակցել էր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:

Լուսինե Ավանեսյանը հայտնեց՝ մեր մասնագետները էլեկտրամատակարարման խափանման վայրում վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսել։