Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:

Հավելեմ նաև, որ նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»,- հայտնել է քաղաքապետարանի խոսնակը: