Ռաիսիի այցը Պեկին կամրապնդի երկու երկրների երկարամյա բարեկամությունը. Global Times

Չինական Global Times թերթն անդրադառնալով ԻԻՀ նախագահ Ռաիսիի Պեկին կատարած այցին, գրել է, որ այն կխորացնի Իրանի և Չինաստանի հարաբերությունները և կամրապնդի կողմերի միջև առկա երկարամյա բարեկամությունը:

Կայքը հաղորդում է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին, իր չին գործընկերոջ հրավերով, երեքշաբթի օրը պաշտոնական այցով  կմեկնի Պեկին: Այցը կավարտվի  հինգշաբթի օրը:
Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ Ռաիսիի այցը Պեկին, ավելի արդյունավետ կդարձնի Իրանի և Չինաստանի համապարփակ ռազմավարական գործընկերությունը։
«Հայացք դեպի Արևելք» քաղաքականության շրջանակներում, Իրանը  նպատակ ունի դաշինքներ  ձևավորել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը և Չինաստանը, որոնց քաղաքական կառույցները նման են Իրանի քաղաքական կառույցին:
Իրան ու Չինաստանն ամուր տնտեսական հարաբերություններ ունեն հատկապես էներգետիկայի, ապրանքների տարանցման, գյուղատնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում։ Երկու երկրները 2021 թվականին ստորագրել են 25-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը ներառում է քաղաքական, ռազմավարական և տնտեսական ոլորտներ։