Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. Հայաստանում Իրանի դեսպան

Որոշ խորամանկություն է նկատվում, խոսվում է այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, բայց Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը և Իրանն աշխատեն այս ուղղությամբ՝ հանդես գալով նախաձեռնություններով։ «Չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ։ Մենք պետք է նայենք, թե ինչ քայլեր են հարկավոր, ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն։ Մենք չպետք է դա թույլ տանք»,- ասել է դեսպանը։

Նա կարևոր խնդիր է համարել պատմական փաստերի աղճատումը, և եթե չլինեին տարածքային փոխանակումները, ապա այսօր, նրա գնահատմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող էր այլ լինել։ «Այլ երկրները ցանկանում էին, որ իսլամական հեղափոխությունը ձախողվեր։ Դա հանգեցրեց իրանա-իրաքյան պատերազմին, որի արդյունքներով Իրանը ոչ մի թիզ հող չկորցրեց։ Դա ապացուցում է, որ ժողովրդի միասնությունը կարող է հասնել հաջողության անգամ 40-ամյա պատժամիջոցների պայմաններում։ Այդ օրինակին կարող են հետևել  նաև այլ երկրները»,- ասել է Աբաս Բադախշան Զոհուրին։