Հայաստանում Սիրիայի դեսպանությունում փետրվարի 9-ին բացվել է սգո մատյան

Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժով պայմանավորված՝ Հայաստանում Սիրիայի դեսպանությունում փետրվարի 9-ին բացվել է սգո մատյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից դեսպանություն են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքացիներ՝ իրենց ցավակցությունը հայտնելու Սիրիայի ժողովրդին:

Փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում և Սիրիայում: Սիրիայում զոհվել է 3000-ից ավելի մարդ, կան մի քանի հազար տուժածներ: Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին: Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար: Հայաստանից Սիրիա նաև 30 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել: