Հունաստանում առատ ձյան պատճառով փակ են դպրոցներն ու խանութները

Առատ ձյուն է տեղում Աթենքում և Հունաստանի շրջանների մեծ մասում, այդ պատճառով երկուշաբթի փակ են դպրոցները, հեռավար աշխատանքի են անցել ձեռնարկությունների և հաստատությունների աշխատակիցները, արգելված է առաքումը, ոստիկանությունը տուգանում է առանց շղթայի երթևեկող մեքենաների վարորդներին, չեղարկվել են տարբեր միջոցառումներ։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վատ եղանակը պայմանավորված է «Բարբարա» ցիկլոնով, տարբեր շրջանների բնակիչներին արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարով ուղարկվել են շտապ իրազեկումներ ուժեղ ձյան մասին, կոչ է արվել առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տներից։

Երկուշաբթի այն շրջանների դպրոցները, որոնցում առատ ձյուն է տեղում, անցել են հեռավար ուսուցման։

Հյուսիսային և հյուսիսարևելյան Ատտիկայում, ներառյալ Աթենքի հյուսիսային արվարձանները, երկուշաբթի փակ են խանութները, «բացառապես բնակչության անհետաձգելի սպասարկման համար» մինչև ժամը 18.00-ը կարող են աշխատել դեղատները, մթերային խանութները և սուպերմարկետները, ավտոլցակայանները և մեքենաների համար գործիքներ ու շղթաներ վաճառող խանութները։ Ժամը 18.00-ից այդ շրջաններում արգելվում է ապրանքների վաճառքն առաքմամբ։

Պետական ծառայությունների և մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։