ՆԱՏՕ-ն չի կռվում ՌԴ-ի դեմ, զենքը տրվում է ինքնապաշտպանության համար. Ֆրանսիայի ԱԳՆ

ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ, իսկ «ինքնապաշտպանություն վարող» պետությանը զենքի մատակարարումը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք կռվում Ռուսաստանի դեմ։ ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ։ Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերներից ոչ մեկը չի կռվում Ռուսաստանի դեմ։ Ինքնապաշտպանություն իրականացնող պետությանը զինամթերքի մատակարարումը, որը նախատեսված է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով, ռազմական գործողություններին համատեղ մասնակցություն չի հանդիսանում»,-ասել է Լեժանդրը այսօր RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը՝ Լեժանդրը հայտարարել է, որ հարցն այս պահին օրակարգում չկա։

Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև պատմել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի շփումների մասին. նրա խոսքով՝ Փարիզը ցանկանում է բաց պահել Մոսկվայի հետ հաղորդակցության ալիքը:

«Մենք շատ լավ գիտենք, որ այդ զանգերը (Մակրոնի զանգերը Պուտինին) թույլ չեն տվել ստանալ այն պատասխանները, որոնք մենք կցանկանայինք ստանալ։ Բայց, այնուամենայնիվ, կարևոր է հենց բուն փաստը, որ մենք բաց ենք պահում հաղորդակցության այդ ալիքը, և կարևոր է նաև այն փաստը, որ մենք փորձում ենք առաջ տանել ուկրաինացիների կողմից բարձրացված որոշակի հարցեր»,-նշել է Լեժանդրը։

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։