Ստեղծված իրավիճակում համատեղ գործելու համար Արցախի ՀԿ-ներն իրենց ջանքերը կմիավորեն մեկ հարթակում
«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Արցախում գործող ՀԿ-ների համաժողով:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկումների օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու հասարակական կազմակերպությունների անելիքներն էին:
Նախաձեռնության հեղինակ, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն»-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի խոսքով՝ այսօր, առավել քան երբևէ, հասարակական կազմակերպությունների ակտիվություն է պահանջվում:
«Պետք է քննարկել առաջնահերթությունները, հստակեցնել անելիքները և գործել»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ բոլորի ջանքերը պետք է ուղղորդվեն համընդհանուր նպատակի համար:
Համաժողովի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են ձևաչափը և պատրաստակամություն հայտնել միավորելու ջանքերն՝ ուղղված ապաշրջափակմանը և հանուն Արցախի ապագայի:
Առաջարկվել է ստեղծել միասնական հարթակ, որը թույլ կտա քննարկումներն իրականացնել առավել արդյունավետ:
Արցախյան հասարակական կազմակերպությունների ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին ներկայացնել նախագծեր, որոնցում պետք է հստակեցվեն անելիքները: