Իսրայելա- իրանական պատերազմն աղետալի կլինի նաև Հայաստանի համար. 3

Սկիզբը` այստեղ 

Չնչին իսկ կասկած չկար, որ Իրանին կհաջողվի պարզել, ընդ որում, կարճ ժամանակում պարզել, թե որ երկիրն է ԱԹՍ-ներով հարձակում կատարել իր ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտների վրա:

Թեև բացառված չէր, որ վերոնշյալ թշնամական գործողությունը կարող էին կատարած լինել Իրանի թշնամիներից Մեծ Բրիտանիան կամ ԱՄՆ-ը, սակայն ի սկզբանե բավականաչափ հիմքեր կային մտածելու, որ հարձակումն իրականացրել է հենց Իսրայելը: Այդ մասին ակնարկում էին նույնիսկ իսրայելական ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնյաներից ստացած տեղեկությունները, հայտնում արևմտյան ԶԼՄ-ները, ինչպես, օրինակ, BFM.ru-ի տեղեկացմամբ , «The Wall Street Journal»-ը:

Երեկ տեղեկացվեց  , որ Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակված ԱԹՍ-ն արտադրողին, իսկ այսօր, ինչպես հաղորդել է իրանյան ISNA գործակալությունը, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի վրա կատարված հարձակման մեջ մեղադրել է և պատասխանատու է համարել Իսրայելի սիոնիստական վարչակարգին:

«Նախաքննության արդյունքները խոսում են այն մասին, որ սիոնիստական ​​վարչակարգը պատասխանատվություն է կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված ահաբեկչական հարձակման համար, այս վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- ТАСС-ի տեղեկացմամբ , նշված է Իրավանիի նամակում՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին:

«Իրանն օրինական և անքակտելի իրավունք ունի՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ արձագանքելու սիոնիստական վարչակարգի կողմից ցանկացած սպառնալիքին կամ իրավախախտմանը, երբ նա դա անհրաժեշտ համարի»,- ընդգծել է Իրավանին։

Իրավանին այսպիսով սպառնացել է Թել Ավիվին «պատասխանով» «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության» շրջանակներում։ Ըստ ISNA գործակալության տեղեկությունների, միջազգային կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նաև կոչ է արել դատապարտել Իսրայելի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները։

Ինչպես արդեն հայտնի է, Իսրայելի ԱԳՆ-ն հրաժարվել է Իրանում ԱԹՍ-ներով կատարված հարձակման վերաբերյալ պարզաբանումներ տալ:

Ուշագրավ է, որ գործի է անցել Ռուսաստանում հրեական լոբբին՝ իր վերլուծաբաններով, գիտաշխատողներով և իր ազդեցությանն ենթակա ԶԼՄ-ներով: Օրինակ, կեղծ տեղեկություններ են տարածվում, թե տարածաշրջանում լուրջ էսկալացիան այժմ անշահավետ է Իսրայելի համար, ուստի նրա իրական մասնակցությունը Սպահանի հարձակումներին քիչ հավանական է: Այս մասին ասել է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի և հրեական համայնքների բաժնի ավագ գիտաշխատող Դմիտրի Մարյասիսը։

«Թել Ավիվի հասցեին Թեհրանի մեղադրանքները հերթական հերթապահ պահն են, սակայն իրականում Իրանի դեմ Իսրայելի զինված գործողությունները կարող են հնարավոր լինել միայն ԱՄՆ-ի համաձայնությամբ և աջակցությամբ, ինչը նույնպես հնարավոր չէ ներկա իրավիճակում»,- ասել է ՌԴ-ում Իսրայելի ազդեցության նույն գործակալը կամ հրեական շահերի լոբբիստը, որը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից բացի, ամենայն հավանականությամբ, վարձատրվում է նաև Իսրայելից:

Այսինքն, ըստ Մարյասիսի, Իրանը հերթական անգամ հերթապահ մեղադրանքներ է ներկայացնում Իսրայելին, վերոնշյալ ստահակն այսպիսով ակնարկում է, թե դրանք չհիմնավորված են, հերյուրանք, իսկ իրականում Իրանի դեմ Իսրայելի զինված գործողությունները կարող են հնարավոր լինել միայն ԱՄՆ-ի համաձայնությամբ և աջակցությամբ, ինչը նույնպես հնարավոր չէ ներկա իրավիճակում: Շատ լավ էլ հնարավոր է:

Սույն «գիտաշխատողը» չի՞ տեսնում, չի՞ կարդում, չի՞ լսում, թե ներկա իրավիճակում ինչեր են կատարվում ԱՄՆ-ի եթե չասենք անմիջական մասնակցությամբ, ապա առնվազն համաձայնությամբ և աջակցությամբ Ուկրաինայում և ՌԴ կազմում ընդգրկված Դոնբասի հանրապետություններում, Խերսոնում և Զապորոժիեում… Կամ՝ ծանո՞թ չէ ավելի վաղ սաուդյան «Al Hadath» հեռուստաալիքի հայտարարությանը, որ ԱՄՆ-ը և «մեկ այլ երկիր» ներգրավված են եղել ԱԹՍ-ներով Սպահանում գործարանի վրա կատարված հարձակմանը։

ԱՄՆ-ի համաձայնությունը կասկածից գրեթե դուրս է, որ եղել է, ինչ վերաբերվում է աջակցությանը, ապա այն կարող է և եղած լինել, և չլինել, քանի որ Իսրայելի ռազմատեխնիկական և այլ հնարավորությունները բավարար էին վերոնշյալ գործողությունը նաև ինքնուրույն իրականացնելու համար:

Ճիշտ հակառակ Մարյասիսի ասածների, տարածաշրջանում լուրջ էսկալացիան այժմ ձեռնտու է և՛ Իսրայելին, և՛ ԱՄՆ-ին, քանի որ Ռուսաստանը խրված լինելով ուկրաինական հակամարտության մեջ, դժվար թե կարողանա հավուր պատշաճի օգնել Իրանին, որի կործանմանը վաղուց են ձգտում ինչպես Թել Ավիվը, այնպես էլ Վաշինգտոնը: Ցավոք, Չինաստանն էլ, իր հերթին, ունի ներքին լուրջ խնդիրներ (կորոնավիրուսային համաճարակ, այլախոհ բնակչության մեծ զանգված, որը կարող է ցանկացած պահի ընդվզել…), և անորոշ է, թե հարկ եղած պահին ինչպես և ինչ չափով կկարողանա օգնել Իրանին:

Վերոնշյալ «գիտաշխատողի» այն «փաստարկը», թե Իսրայելի նոր կառավարությունն ունի բավականաչափ ներքաղաքական խնդիրներ, որոնցով պետք է զբաղվի Իրանի վրա զինված հարձակում ծրագրելու փոխարեն, քննության չի դիմանում, որովհետև Բենիամին Նեթանյահուն ներքաղաքական այդ խնդիրները հաջողությամբ հաղթահարելով է, որ անցյալ տարեվերջին երրորդ անգամ դարձավ Իսրայելի վարչապետ, բացի այդ, հայտնի է նաև, թե նա ինչպես է վերաբերվում Իսրայելի քաղաքական ընդդիմության ու բնակչության ընդդիմադիր զանգվածի հանդեպ…

Այլ խնդիր է, որ իրավիճակի սրումն իսկապես չի համապատասխանում Իրանի շահերին, որը դժվարություններ ունի ներքաղաքական ճակատում, բայց այս պահին դեռ դժվար է ասել, թե իրանը վերջնական ինչ որոշում կկայացնի՝ Իսրայելի ռազմական հարվածին կպատասխանի՞ ռազմական հարվածով, ինչը կարող է իսրայելա- իրանական պատերազմի մեկնարկը լինել, թե…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան