Իսրայելա- իրանական պատերազմն աղետալի կլինի նաև Հայաստանի համար. 2

Սկիզբը` այստեղ

 

Այո, Իսրայելի կողմից օրերս մի քանի ԱԹՍ-ներով Սպահան քաղաքում գտնվող Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի շենքերը ենթարկվել են ճշգրիտ հարվածների (ըստ «The Wall Street Journal»-ի հրապարակման, խոսքը չորս տարբեր շրջաններում գտնվող շենքերի մասին է), ինչի հետևանքով, ինչպես ցույց են տվել արբանյակային լուսանկարները, օբյեկտներից մեկի տանիքը փոքր-ինչ վնասվել է, մեկում հրդեհ է բռնկվել, մյուսների մասին տեղեկություններ չկան:

Այո, Իրանի Ազարշահր քաղաքում շարժիչային յուղի արտադրության ձեռնարկությունում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվել են վառելանյութով մի քանի ռեզերվուարներ (հրդեհի տեսանյութն՝ այստեղ ):

Այսուհանդերձ, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը չի ստել՝ հայտարարելով, որ լուրջ վնասներ չեն եղել, և որ հարձակումը չի հասել իր նպատակներին: Նախ, հարկ է նկատի ունենալ, որ թիրախին մարտական ԱԹՍ-ի հրթիով կամ կամիկաձե ԱԹՍ-ով ցանկացած հարվածի դեպքում պայթյուն է լինում, կարող է նաև հրդեհ բռնկվել, բայց դա դեռ չի նշանակում, թե պայթյունի, հրդեհի հետևանքով պայթել, հրդեհվել, ոչնչացել են Սպահանի վերոնշյալ օբյեկտներում արտադրվող զենքերը, տազմական տեխնիկան կամ արտադրական կարողությունները: Այս առումով որևէ հաստատող ապացույց չի հրապարակվել:

Ի դեպ, խիստ տարբեր են տեղեկությունները և դեռ անհասկանալի է, թե վերոնշյալ օբյեկտներում ինչ է արտադրվել՝ անօդաչու թռչող սարքե՞ր, արկե՞ր, հրթիռնե՞ր, բալիստիկ հրթիռնե՞ր, Իրանի միջուկային արդյունաբերության ինչ-որ արտադրա՞նք…

Երկրորդ. հայտարարելով, որ հարձակումը չի հասել իր նպատակներին, իրանցի պաշտոնյաները կարող են նկատի ունենալ նաև այն, որ Իսրայելը բացի վերոնշյալ թիրախներին հարվածելուց, նպատակ է ունեցել հարվածել նաև այլ, թերևս ավելի կարևոր թիրախների, բայց քանի որ հարձակմանը մասնակցած պայթուցիկ լիցքով կվադրոկոպտերներից երեքը ոչնչացվել են, ինչպես հաղորդել են իրանյան աղբյուրները, անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդները ու պայթել (խոսքը, հավանաբար, ՌԷՊ միջոցներով ռադիոէլեկտրոնային ազդեցությամբ դրոնները շարքից հանելու կամ վայր գցելու մասին է), դա Իսրայելին չի հաջողվել:

Վերոնշյալի առումով շատ ուշագրավ են ամերիկյան «The Wall Street Journal»-ի (WSJ) հրապարակած տեղեկությունները: Ինչպես տեղեկանում ենք РБК-ի հրապարակումից, WSJ-ի տվյալներով՝ Իրանի պաշտպանության նախարարության հարձակման ենթարկված օբյեկտը գտնվում է Տիեզերական հետազոտությունների իրանական կենտրոնին պատկանող մեկ այլ օբյեկտի դիմաց, որի նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի վրա աշխատելու համար:

Ավելին. ըստ նույն հրապարակման, իսրայելցի վերլուծաբան Ռոնեն Սոլոմոնն ասել է, որ Տիեզերական հետազոտությունների կենտրոնում տեղակայված է Նյութերի և էներգիայի ինստիտուտը, որն ԱԹՍ- ների, հրթիռների, արբանյակների մշակման և միջուկային ծրագրի համար մետաղների փորձարկման հետազոտություններ է անցկացնում:

Վերը շարադրվածից կարելի է ենթադրել, որ Իսրայելը, հավանաբար, նպատակ է ունեցել հարվածել նաև Տիեզերական հետազոտությունների իրանական կենտրոնի օբյեկտին, ինչը, սակայն, չի հաջողվել մյուս դրոնների ոչնչացման արդյունքում:

Ինչպես երեկ տեղեկացրեց «РИА Новости» -ին, Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակված ԱԹՍ-ի արտադրողին: Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրներին, սակայն չի նշել արտադրող ընկերության կամ երկրի անվանումը:

«Սպահանում պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ խոցված դրոններից մեկի մասերի տեխնիկական փորձաքննությունը… արժեքավոր տեղեկություններ է տրամադրել անվտանգության մարմիններին: Շնորհիվ Վերլուծելով դրոնի իրանի բաղադրամասերի, նրա շարժիչների, սնուցման և նավիգացիոն համակարգերի վերլուծության և առկա նմուշների հետ դրանց համեմատության, ճշգրիտ բացահայտվել է դրոնի արտադրողը»,- նշված է ISNA –ի հաղորդագրության մեջ։

Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան