«Ես պառկած մարդ չեմ տեսել». հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում. Factor TV

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի տուժածներից Գարուշը Factor TV-ին մանրամասներ է պատմել 15 կյանք խլած հրդեհի մասին:

«Քնած էինք մենք, ճչոցներից եմ ես վեր թռել: Վեր կացա, արդեն կրակը ներս էր մտնում: Վեր եմ կացել և առաջին բանը, որ արել եմ, դոշակը գցել եմ գլխիս, որ երեսս չվառվի, փորձել են մեր ննջասենյակի դուռը ջարդել, բայց չջարդվեց: Այրվածքները այդտեղ եմ ստացել:

Որ արթնացա, խառը իրավիճակ էր: Հիշում եմ, որ մարդիկ կային, որ ուզում էին դուռը ջարդել, հիշում եմ, որ վազվզող մարդիկ կային: Հրդեհն արդեն դռնից մեկ մետր ներս էր հասել: Կրակը շատ բարձր էր»,-պատմել է նա:

Հարցին՝ ընկերներդ քնա՞ծ էին, թե արթուն, Գարուշը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, չեմ նկատել մարդ, որ պառկած լիներ: Ես պառկած մարդ չեմ տեսել: Հիշում եմ, որ խառը իրավիճակ էր, մարդիկ կային վազվզող, նույնիսկ ինձ բրդող մարդիկ կային, մարդիկ իրենց ճամփեն էին ման գալիս, թե ոնց դուրս գան:

Մի կերպ հասել եմ երկրորդ պատուհանի տակ, լսել եմ, որ պատուհանը ջարդեցին, էդ ձայնից վեր եմ թռել, որ կարողանամ գոնե օդ շնչեմ: Մինչև ուսերս ռեշոտկի արանքից դուրս եմ եկել, մնացածը տղերքը քաշել հանել են: Դուրս գալուց հետո քարերի, շիբինների վրայով հասցրել եմ վազել ձյան վրա, որովհետև ոտքերիցս  արդեն արյունը չռում էր, չէի դիմանում, սիրտս թուլանում էր: Ձյան վրա եմ պպզել, որ գոնե սառչեն ոտքերս, ուշքս չգնա: Գյուղացիք են ինձ հասցրել հիվանդանոց»,- ասել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս էին սովորաբար վառում վառրանը, Գարուշը պատասխանել է. «Փայտի թեփը հավաքել էինք մեշոկներով, 5 լիտրանոց շշերը կտրում էինք, սալյարկա էինք ավելացնում, գդալ-գդալ լցնում էինք վառարանի մեջ, սկսում էր թեփը վառել ու կպնում էր: Դրա մեջ վտանգավոր բան չկար, որ կարար ինչ-որ բան կատարվեր»:

Նա նշել է, որ տարածքում ավտոբենզին եղել է տրակտորների համար: Ըստ զինվորի՝ հակահրդեհային կրակմարիչներ եղել են, բայց վերջացել էին ու տանիքում գցած են եղել:

Նա պատմել է, որ այս տունը զորանոց է եղել 44-օրյա պատերազմից հետո: Գարուշին այստեղ են բերել 6 ամիս առաջ. «Տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից: Զալի դռնից մոտավորապես 1-1,5 մետր հեռավորության վրա պատի տակ դրված էր վառարանը»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: