Բաքուն միջազգային կառույցներից պահանջում է դադարեցնել Հայաստանի ատոմակայանի գործունեությունը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` կոչ անելով դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործումը: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, այդպիսի տեղեկատվություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

ԵՄ-ն Հայաստանին կոչ էր արել փակել իր ատոմակայանը, քանի որ այն չի կարող արդիականացվել միջազգայնորեն ճանաչված միջուկային անվտանգության չափանիշներին լիովին համապատասխանելու համար։ Անցած հոկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակը բարելավվել է։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից Ալիևան պահանջել է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի շահագործումը, որպեսզի «Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետ չլինի:

Հայաստանում գործում է մեկ ատոմակայան, որը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից 30 կիլոմետր հարավ։ Գոյություն ունեն երկու էներգաբլոկներ, որոնք հիմնված են VVER-440 տիպի սեյսմակայուն ռեակտորների վրա։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին՝ հանրապետությունում տիրող էներգետիկ ճգնաժամի պատճառով։ «Ռոսատոմի» օգնությամբ նրա արդիականացումն ավարտվել է 2021 թվականին։

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է գործող ԱԷԿ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում մինչև 2026 թվականը, ինչպես նաև նոր բլոկների փուլային շահագործման հանձնում։ Խոսքը միջին կամ ցածր հզորության էներգաբլոկների կառուցման հնարավորության մասին է։