Փաշինյանին ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի և ներդրումային պորտֆելի մասին։ Նշվել է, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերով, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար, 2021-2022թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։

Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունն անցած տարվա հունիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 4 ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում են ևս 3 նոր չվերթներ: Ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ իրականացվում է 7 ներդրումային ծրագիր, այդ թվում` գյուղատնտեսության, լոգիստիկայի, սպասարկման ոլորտներում: Մանրամասներ են ներկայացվել անցած տարեվերջին գործարկված ԱՌՖԻ քրաուդֆանդինգային հարթակի վերաբերյալ, որը նպատակ ունի խթանել ներդրումների ներգրավումը։

Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են ԱՆԻՖ-ի գործունեության գործիքակազմին, ընթացիկ ծրագրերին, բիզնես ռիսկերի գնահատման մեխանիզմներին, հանրային հաղորդակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է ԱՆԻՖ-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերի, ներդրումային միջավայրի զարգացման միջոցառումների արդյունավետ իրականացումը և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է հաշվետվողականության ու թափանցիկության շարունակական բարձրացումը, հանրային ակտիվ իրազեկումը, որի կարևոր բաղադրիչներից է բիզնես խորհրդատվությունը, միջգերատեսչական շահագրգիռ համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը, հետագա անելիքների համատեքստում, հանձնարարել է ներկայացնել ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ: