Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը. 4

Սկիզբը` այստեղ 

Ո՞վ է եղել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի վառարանը բենզինով թեժացնել կամ վառել փորձած ու 15 զինվորի կյանք խլած հրդեհի պատճառ հանդիսացած սպան…

«Հանրային» կոչված հեռուստաընկերության եթերում Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն ասել է , որ սպան կոչումով կապիտան է, դեպքի գիշերը եղել է պատասխանատու հերթապահը։  Ըստ Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, այդ նույն կապիտանը եղել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատուն, իսկ «Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով» (ընդգծումը՝ մերը)։

Այդ նույն սպան բենզինը դրսից կացարան կամ զորանոց է բերել, որպեսզի դրանով վառարանը վառի՞, թե վառարանում եղած կրակը թեժացնի… Քննչական կոմիտեի հրապարակած վերոնշյալ տեղեկատվության համաձայն, վաշտի պատասխանատու կապիտանն «Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը» (ընդգծումը՝ մերը), մինչդեռ, ըստ զինվորական դատախազ Էլիզբարյանի, «Ինժեներասակրավորային վաշտի սպան զորանոցի միջանցքի վառարանի կրակն ավելի թեժացնելու համար դրսի տարածքից բերել է պլաստմասե 5 լիտրանոց տարայով բենզին, որը վառարանի մեջ լցնելիս բռնկվել է հրդեհ» (ընդգծումը՝ մերը)։

Պա՞րզ է, չէ՞, որ կամ Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկություններն են ճիշտ, կամ զինդատախազի: Երկուսը միաժամանակ ճիշտ չեն կարող լինել:

Դեպքին առնչվող այլ հակասությունների արդեն անդրադարձել ենք ու նշել, որ Նիկոլի իշխանության հրապարակած պաշտոնական տեղեկությունները և իշխանավորների հրապարակային հայտարարությունները ծվատվում են խայտառակ, աղաղակող հակասություններից և հերթական անգամ ահռելի չափով մեծացնում իշխանության ու նրա հայտնած տեղեկությունների նկատմամբ հասարակության լայն զանգվածների անվստահությունը:

Այսուհանդերձ, մինչ այժմ նշված բոլոր հակասությունները՝ նույնիսկ միասին վերցված, թերևս խամրում են ի համեմատ նրա, որը կներկայացնենք ստորև:

«Իրանք մահճակալներին պառկած, անշարժացած վիճակում էին հայտնաբերվել՝ տասնչորսը 15-ից… Այդ 15 հոգուց 14-ը մահճակալների վրա են գտնվել, այսինքն՝ հնարավոր չի եղել, իրենք անմիջապես, ենթադրում եմ, դա վարկած ա, բայց հենց էդպես էլ կլինի, որ այդ ծխահարված և, չեն զարթնել ուղղակի, իրենք վեր չեն կացել, և մեկ հոգի մուտքի մոտ է հայտնաբերվել, փորձել է փրկվել, բայց չի ստացվել»,- հունվարի 22-ին «Հանրային» կոչված հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում հայտնեց  Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը:

Այս ի՞նչ անհեթեթ, անարժանահավատ բացատրություն կամ տեղեկատվություն է… Պարտադիր ժամկետային զինծառայողներից 14-ն այդ ի՞նչ մեռելային քնով էին քնած (այն էլ՝ 00:30-ի ժամը 1-ի սահմաններում, երբ բռնկվել է հրդեհը), որ չզգացին ու չարթնացան ո՛չ ծխից, որը, օրինակ, թունավոր ածխաթթվի մոնօքսիդի (շմոլ գազի) պես անգույն, անհոտ, անհամ չէր, ո՛չ ուժեղ կրակի, սաստիկ հրդեհի ջերմությունից (այրվում էին շինության փայտյա հատակը, տանիքը, բենզինի պլաստմասե տարան, դրա մեջ եղած 5 լիտր կամ դրանից պակաս ավտոբենզինը և այլն), ո՛չ էլ նույնիսկ այրվող, այրվածքներ ստացող, դրանց ցավերը զգացող ու հրդեհից սարսափահար ծառայակից ընկերների գոռում- գոչյունից, բարձր աղաղակներից, «Ուրալ» մակնիշի բեռնատարով պատին հասցվող հարվածների և փլվող պատի, վայր թափվող քարերի ձայնից…

Հը՞, վերոնշյալ զինծառայողները խլացե՞լ էին, խո՞ւլ էին, թե նախապես սննդի միջոցով կամ այլ կերպ թունավորվել ու քնել հավերժական քնով կամ անզգայացել… Մեջբերում «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Արթուր Գրիգորյանի գրառումից. «Խոսքս ուղղված է պատկան մարմիններին՝  ստուգեք կամ ստուգել տվեք տղաների ստամոքսի, թոքերի պարունակությունը և արյան բաղադրությունը»:

Իհարկե՛ խլացած, խուլ չէին: Ընդունենք նաև, որ նախապես չէին թունավորվել, մահացել կամ անզգայացել, պարզապես շատ խորն են քնած եղել, այնքան խորը, որ ո՛չ կրակի ջերմությունն են զգացել, ո՛չ ծխի հոտն ու համը, ո՛չ էլ նույնիսկ լսել են ընկերների գոռում- գոչյունը, բարձր աղաղակները, ճիչերը, պատին բեռնատարի հարվածների, պատի փլվելու և շրջապատում եղած մյուս բարձր ձայները (բջջային հեռախոսով կատարված տեսաձայնագրության  մեջ զինծառայողների գոռում- գոչյունը, բարձր աղաղակները, ճիչերը լսեցին նույնիսկ այդ տեսաձայնագրությանը ծանոթ բոլորը, չնայած տեսաձայնագրության՝ մեծ հեռավորությունից կատարված լինելուն):

Հիմա, պետական համապատասխան պաշտոնյաներ, հանգիստ շունչ քաշեցի՞ք, համարեցիք, որ պրծա՞ք: Ո՛չ, չպրծաք…

«Քսանմեկ հոգի էր գտնվել այդ շինության մեջ, և մինչև փրկարարների հասնելը, վեց հոգի դուրս էին եկել իրենց ուժերով»,- նույն հաղորդաշարի եթերում ասել է Արսեն Սարոյանը:

Այստեղ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել, քանի որ ներսում ոչ թե 21, այլ 22 զինծառայող են եղել: Ըստ զինդատախազի, «Շինությունում եղել է 21 ժամկետային զինծառայող»։ Քանի որ սպան (կապիտանը) ժամկետային զինծառայող չէ, ապա, եթե նրան էլ նկատի ունենանք, ուրեմն շինության մեջ եղել է 22 հոգի: Պաշտոնական տեղեկատվության  համաձայն, վերոնշյալ սպան, որը գտնվել է նախասենյակում, «տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից» (ենթադրելի է, որ շինության մուտքից)։

Նույն տեղեկատվության համաձայն, «Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից»։

Եթե ներսում եղած զինծառայողների թվից՝ 22-ից, հանենք ննջարանի պատուհանից դրսում գտնվող ընկերների կողմից ճաղավանդակը ծռելով, դրանում ինչ-որ բացվածք բացելուց հետո դուրս եկած վերոնշյալ երկու ժամկետային զինծառայողին, ինչպես նաև նախասենյակից հավանաբար դրսի դռնով դուրս եկած կապիտանին և ժամկետային զինծառայողներից մեկին, կստացվի, որ ներսում մնացած 18 ժամկետային զինծառայողից 3-ը նույնպես դուրս են եկել, զոհվել են 15-ը: Այդ 3 զինծառայողը, ինչպես նաև պատուհանից դուրս եկած վերոնշյալ երկուսն այդ ինչպե՞ս կարող էին ընկերներին թողնել ու սուսուփուս թռնել, որևէ կերպ՝ գոռալով, ապտակելով, հագուստից քաշելով կամ, թեկուզ, այդ կերպ մահճակալից քաշել- գցելով, չարթնացնել նրանց: Որքանո՞վ է դա հնարավոր, խելքին մոտ: ԱՆՀՆԱ՛Ր Է:

Դե հիմա տեսնենք, թե գլխավոր դատախազից մինչև Քննչական կոմիտեի պետ, զինդատախազից մինչև ՆԳՆ, Փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավարներ ինչպե՞ս են դուրս գալու այս հարցերի տակից: Կամ, ընդհանրապես, կարողանալու են դուրս գալ…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան