Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը. 3
Սկիզբը` այստեղ
Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի առնչությամբ Նիկոլի իշխանության հրապարակած պաշտոնական տեղեկությունները և իշխանավորների հրապարակային հայտարարությունները ծվատվում են խայտառակ, աղաղակող հակասություններից և հերթական անգամ ահռելի չափով մեծացնում իշխանության ու նրա հայտնած տեղեկությունների նկատմամբ հասարակության լայն զանգվածների անվստահությունը:
«Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ որ զորանոցը պայթեցվել էր, զորանոցի փոխարեն, կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորանոցներ,- «Հանրային» կոչված հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ինժեներասակրավորային վաշտի զորանոցում տեղի ունեցած հրդեհին, ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:- Մատակարար ընկերությունն առաջարկել էր բերել Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորանոցներ, բայց կառավարությունը պահանջել է ամբողջությամբ նորը։ Այդ պայմաններում էլ պետք է ապահովվեին բոլոր պայմանները, բայց զորանոցները եկել են։ Կատարվածն ունի իր պատճառները. տղաները տեղավորվել են գյուղի այդ տանը, որովհետև զորանոցը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման հետևանքով։ Պետք է լինեն այդ մոդուլները՝ բոլոր պայմաններին համապատասխանող։ Այդ մոդուլներն արդեն տեղ են հասել։ Հարձակումից անցել է չորս ամիս, սա են հասցրել, արել»։
Մարուքյանը փորձում է արդարացնել կառավարության հանցավոր անգործությունը. ըստ նրա, տղաները տեղավորվել են գյուղի այդ տանը, որովհետև զորանոցը պայթեցվել է Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով, կառավարությունը պատվիրել էր բոլոր պայմաններին համապատասխանող իտալական մոդուլային զորանոցներ, մատակարար ընկերությունն առաջարկել էր բերել Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորանոցներ, բայց կառավարությունը պահանջել է ամբողջությամբ նորը (ակնարկում է, թե ինչ-որ ժամանակ էլ գնացել է այդ բանակցությունների վրա), ի վերջո, մոդուլային զորանոցներն արդեն տեղ են հասել, բայց «Հարձակումից անցել է չորս ամիս, սա են հասցրել, արել»։
Այսինքն՝ Մարուքյանի բացատրության համաձայն, քանի որ հարձակումից անցել է ընդամենը չորս ամիս, կառավարությանը պարզապես ժամանակը չի բավարարել Հայաստան մոդուլային զորանոցներ բերելու խնդիրն ավելի շուտ լուծելու, Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներին բոլոր պայմաններին համապատասխանող այդ զորանոցներից մեկում տեղավորելու համար:
Սակայն, ըստ Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, «ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում» (ընդգծումը՝ մերը)։
Հակասությունն ուղղակի ակնհայտ է, հետևաբար կամ Քննչական կոմիտեն է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնել, կամ, ինչը մեզ ավելի հավանական է թվում, ստել է Մարուքյանը, որպեսզի ներկայացնի, թե իշխանությունները 2022թ. սեպտեմբերի 13-ից հետո անցած 4 ամսում պարզապես չեն հասցրել ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներին բոլոր պայմաններին համապատասխանող մոդուլային զորանոցներից մեկում տեղավորել, ընդամենը հասցրել են պատվիրել այդ զորանոցների ձեռքբերումը և ներկրումը, դրանք էլ արդեն բերվել են, Հայաստանում են:
Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ 2021թ. մայիսի 13-ից մինչև 2023թ. հունվարի 19-ը (1 տարի 8 ամիս) չի լուծվել զինծառայողներին պատշաճ, բոլոր պայմաններին համապատասխանող, ավելի անվտանգ ջեռուցման համակարգ ունեցող զորանոցով ապահովելու հարցը, մանավանդ, եթե նկատի ունենանք այսօր խորհրդարանում «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետությունը գումարի որևիցե խնդիր չունի՝ բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա՝ 2018 թվականից սկսված, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք»:
Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը, ըստ էության, իշխանությունների հանցավոր անգործության մասին վկայություն է, քանի որ և՛ բավարար ժամանակ է եղել (2021թ. մայիսի 13-ից մինչև 2023թ. հունվարի 19-ը), և՛ բանակը գումարի որևիցե խնդիր չի ունեցել, բայց փաստն այն է, որ ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներն անհրաժեշտ պայմաններին համապատասխանող մոդուլային զորանոցով ապահովված չեն եղել:
Ավելին. պատասխանելով վերոնշյալի առնչությամբ լրագրողներից մեկի հարցին, Ալեն Սիմոնյանը Քննչական կոմիտեի, զինվորական դատախազի, «պաշտպանության նախարարություն» կոչվածի հայտնած տեղեկություններին հակասող տեղեկություն է հայտնել ու հանդես եկել խայտառակ բացատրությամբ: Ահավասիկ.
Ըստ Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվության, «պաշտպանության նախարարություն» կոչվածի հաղորդագրության, հրդեհը բռնկվել է «ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում», «Հանրային» կոչված հեռուստաընկերության եթերում ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի տեղեկացմամբ, զորանոցի միջանցքի վառարանի կրակը թեժացնելու նպատակով բենզինն օգտագործել է ինժեներասակրավորային վաշտի սպան, ինչից կարող ենք եզրակացնել, որ հրդեհված զորանոցում կամ կացարանում զոհված մյուս զինծառայողները նույնպես ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներ էին:
Մինչդեռ, ըստ Ալեն Սիմոնյանի, «Դա շինարարական ջոկատ է, որը որ ընդեղ կողքը, անմիջապես կողքը կա նաև մոդուլային հավաքած տնակ»: Հակասությունը դարձյալ ակնհայտ է. վերջապես կողմնորոշվեք՝ զոհվածներն ինժեներասակրավորային վաշտի՞ զինծառայողներ էին, թե՞ ինչ-որ շինարարական ջոկատի… Որ ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներ էին, վկայում է նաև այն, որ զինծառայողների հրդեհված կացարանին հարակից, զինանոցի վերածված սենյակում եղել են զինծառայողների զենքերը՝ ինքնաձիգներ, ոչ թե բահեր…
Մի պահ ընդունենք, թե Ալենը ճիշտ է ասել՝ զոհվածները և տուժածները շինարարական ջոկատից էին, հրդեհված շինության կողքն էլ մոդուլային հավաքած տնակ կա, այսինքն՝ Ադրբեջանի ԶՈւ 2021թ. մայիսի 13-ի հարձակումից հետո իշխանությունները ժամանակին ձեռք են բերել վերոնշյալ մոդուլային, բոլոր պայմաններին համապատասխանող զորանոցները ու դրանցից մեկը հասցրել ու տեղակայել Ազատ գյուղում:
Բայց Ալենի վերոնշյալ հայտարարության դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ մի մոդուլային զորանոց կամ տնակ էլ Ազատում չի դրվել թիվ N զորամասի՝ Ալենի ասած «շինարարական ջոկատ»-ի համար, մանավա՛նդ, որ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ասելով՝ «Հայաստանի Հանրապետությունը գումարի որևիցե խնդիր չունի՝ բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա՝ 2018 թվականից սկսված, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք»: Ի՞նչ է, շինարարական ջոկատի զինծառայողները 2-րդ սորտի մարդի՞կ էին…
Ակնհայտ է, որ Ազատում, հրդեհված շինության հարևանությամբ դրված կամ իրականում գուցե չդրված (ներկայիս իշխանավորների պարագայում սուտը չի կարելի բացառել) մոդուլային տնակի մասին հիշատակելով, Ալենը փորձել է թաքցնել Նիկոլի իշխանության հանցավոր անգործությունը:
Խոստացել եմ՝ Նիկոլի ու համապատասխան այլ պաշտոնյաների համար սա դեռ «ժուռնալն» է, «կինոն»՝ առաջիկայում:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան