Արցախում բոլոր բանկերը մյուս բանկերի քարտերը սպասարկելու են առանց միջնորդավճար գանձելու

ԱՀ օպերատիվ շտաբը հայտնում է, որ այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն  սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես  անհնարինության դեպքում՝  գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

Արձագանքելով  բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ,  որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը:  Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել  ընթացակարգի իրականացումը: