Երևանի շահագրգռության դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, թե այժմ ՌԴ-ի համար ստեղծվել է Հայաստանի կողքին կանգնելու և նրա ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորություն, իսկ Երևանում սպասում են համապատասխան գործողությունների։

«Ես չեմ ցանկանում պարզել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թ. նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությունները։ Հենց դրանք են հուսալի հիմք կազմում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրել, որը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այդ գործառույթը։ Եվ ես լիահույս եմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն։ Իսկ եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երևանի շահագրգռության դեպքում կազմակերպության մյուս անդամ պետությունները պատրաստ կլինեն Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն»,- նշել է Զախարովան։