Քայլերթով Ստեփանակերտի օդանավակայան հասած արցախցիները պահանջում են հանդիպում ՌԴ խաղաղապահների հրամանատարի հետ

Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  https://artsakhpress.am/arm/news/174947/qaylertov-stepanakerti–odanavakayan-hasats-arcakhcinery–pahanjum-en-handipum-khaxaxapahneri-hramanatari-het.htmlլրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշեց, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը:

«Մեր ժողովուրդն իր ընտանիքներով, երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել Արցախում: Հիմա փաստացի դրա կետերը խախտվում են: Այդ պատճառով մենք եկել ենք ասելու, որ մենք նույնպես մարդ են, ժողովուրդ և ունենք իրավունքներ: Այս ակցիան ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Իրեն դեմոկրատական համարող յուրաքանչյուր պետություն պիտի անմիջապես միջոցառումներ ձեռնարկի և Ալիևին բացատրի, որ ժողովրդի հետ նման կերպ չեն վարվում: Այդ ամենը բումերանգի պես հարվածելու է նաև ձեզ»,-նշեց Տ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն իրենց չընդունի , ապա ակցիայի մասնակից տղամարդիկ մնալու են օդանավակայանի մոտ մինչև չլուծվի Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման հարցը, մինչև չհանդիպեն ու չպահանջեն, որպեսզի հստակորեն Վլադիմիր Պուտինին հասնի Արցախի ժողովրդի ուղերձը:

«Չնայած պաստառներին դիմումներ են ուղղված ՌԴ խաղաղապահներին ու ղեկավարությանը, սակայն ամբողջ աշխարհը ևս թող իմանա, որ սա հանցագործություն է մարդկության դեմ, էթնիկ զտումների սկիզբ, իսկ ամբողջ աշխարհը տեսնում է և լռում»,-շեշտել է ակցիայի նախաձեռնողը:

Հիշեցնենք, որ արդեն 15 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։