Արցախցին թույլ չի տալու իր փոխարեն որոշումներ կայացնեն և իր հաշվին զիջումների գնան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությունը շրջափակման մեջ է, քանի որ ադրբեջանցի հատուկջոկատայինները և թուրքական «գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները իբրև բնապահպանական պահանջներով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ կյանքի ճանապարհը։ Ադրբեջանական կողմն այնքան է հանդգնել, որ առ ոչինչ է համարում թե միջազգային կոչերը, թե եռակողմ պայմանագրերի դրույթները և շարունակում է պահանջներ ներկայացնել արցախցիներին ու Հայաստանին՝  ճանապարհը բացելու դիմաց։ Իսկ օրեր առաջ էլ մի խումբ արցախցիներ ռուս խաղաղապահների տեղակայման վայր մոտենալով՝ ցուցապաստառներով ադրբեջանցիներից պահանջում էին բացել ճանապարհը, վերացնել շրջափակումը։ Որից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե ռուս խաղաղապահները նրանց խոստումներ են տվել դեկտեմբերի 26-ին ճանապարհը բացելու մասին, որից հետո արցախցիները հեռացել են։ Սակայն Մետաքսե Հակոբյանի հավաստմամբ՝ այդ տեղեկությունը հավաստի չէ, քանի որ ռուս խաղաղապահները նման խոստումներ չեն տվել և ի պաշտոնե նրանք իրավասու չէ դա անելու։ Ամենայն հավանականությամբ նման հույս արթնացել է այսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսված՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման հետ կապված, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը։ Սակայն այդ հանդիպումն էլ չի կարող հուսադրող լինել, ըստ հաղորդման հյուրի, քանի որ հայտարարվել է՝ եռակողմ հանդիպում չի կայանալու, հետևաբար դժվար թե Արցախի ճանապարհը բացելու հարցը հայտնվի օրակարգում։

Պատգամավորի հետ խոսեցինք նաև ՄԻԵԴ որոշման մասին, թե որքանով այն օգտակար եղավ Արցախի բնակչությանը, ի վերջո այդ որոշումը վերաբերում էր միմիայն մարդասիրական խնդիրներին՝ ճանապարհը մարդասիրական օգնության համար բաց պահելուն։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ՄԻԵԴ-ի այդ որոշման մեղավորը ՀՀ իշխանություններն են, որոնք դատարան դիմելիս հարցը զուտ մարդասիրական համատեքստում էին ներկայացրել։

Խոսելով ճանապարհը բացելու հնարավորության մասին՝ Արցախի Հանրապետության պատգամավորն ասաց, որ այդ կերպ Ադրբեջանը և Թուրքիան կփորձեն հասնել իրենց առավելապաշտական նպատակներին․ «Մենք շատ լավ գիտենք Ադրբեջանի և նրա հովանավոր Թուրքիայի առավելապաշտական նկրտումները, դրանք երբևէ չեն սահմանափակվել Արցախով, բնականաբար հիմա էլ չեն սահմանափակվում բնապահպանական խնդիրներով կամ հանքերի շահագործումով։ Երկու օր առաջ Ալիևը մտացածին Արևմտյան Ադրբեջանի մտավորականների հետ էր հանդիպել, բոլորի համար լսելի հայտարարություններ էր անում Սևանա լճի, Զանգեզուրի մասին, թե իբրև դրանք իրենց պատմական հողերն են, և հարկավոր է վերականգնել արդարությունը։  Ալիևը նաև բացեիբաց ցույց է տալիս, որ որևէ մեկը, միջազգային հանրությունը ևս չի կարող ազդել իրենց նպատակների վրա, և որ իրենք հաստատակամ են դրանք կյանքի կոչելու համար։ Այնպես որ, Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքերը երկարելու են և իրենք փորձելու են կառուցել իրենց երազանքը Հայաստանի իշխանությունների օգնությամբ ևս»։

Դեկտեմբերի 25-ին Արցախի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք էր։ Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե որն էր հանրահավաքի ուղերձը։ Նա ասաց, որ երեկ անսպասելին տեղի ունեցավ, քանի որ անգամ Արցախի հեռավոր վայրերից էին մարդիկ եկել՝ չնայած եղանակային պայմաններին և շրջափակման առաջացրած դժվարություններին։ Իսկ ասելիքն այն էր, որ Արցախը պետություն է՝ իր կառավարման համակարգով և պետական ինստիտուտներով, և աշխարհը պետք է հաշվի նստի դրա հետ։ Հանրահավաքը նաև փաստեց, որ Արցախում կայացած քաղաքացիական հասարակություն կա, որն ի ցույց դրեց արցախցու կամքը չզիջելու, չընկրկելու որևէ դժվարությունից։ Դրանով արցախցին հասկացրեց, որ երբևէ թույլ չի տալու իր փոխարեն որոշումներ կայացնել ու զիջումների գնալ Արցախի ու Արցախի ազգաբնակչության հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում