Եթե նույնիսկ վաղը հայտնի կապիտուլյանտը Երևանն էլ նվիրի Ադրբեջանին, միևնույն է՝ պատերազմ լինելու է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն է։

«Երեկ արցախցիներն այս լարվածության մեջ մեզ կրկին տոն պարգևեցին իրենց միասնությամբ, իրենց միահամուռությամբ։ Իսկապես երեկ արցախցին առաջին հերթին իր ապրելու, իր պայքարելու, իր առաջ մղվելու կամքը հերթական անգամ ցույց տվեց ամբողջ աշխարհին և առաջին հերթին բոլոր այն ուժերին, բոլոր այն պետություններին, որոնք փորձում էին մի տեսակ լուսանցքից դուրս թողնել և արցախցիներին, և առհասարակ արցախյան խնդիրը»,- հաղորդման շրջանակներում անդրադառնալով դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին՝ ընդգծեց բանախոսը։

Ընդդիմադիր գործիչը կարևորեց այն հանգամանքը, որ վերջապես հասնում ենք այնպիսի փուլի, երբ հասարակությունը սկսել է դեպրեսիվ վիճակից դուրս գալ, իսկ այդ վիճակից դուրս գալուն նպաստեց երեկվա հանրահավաքը և առհասարակ վերջին շրջանում արցախցիների ամեն վայրկյան պայքարի մղումը։

Անդրադառնալով Ալիևի նկրտումներին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի 4 «անկլավային» և 4 ոչ անկլավային գյուղերի նկատմամբ, որի մասին բարձրաձայնեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Կարապետ Պողոսյանը ընդգծեց, որ թուրքի կոկորդին մենք ոսկոր ենք դեռևս 100 տարի առաջ և բազմիցս փորձել է մեզանից ազատվել։ Այդ ամենը կասեցվել է 90-ականների մեր հերոսական պայքարի միջոցով, բայց նրանք կարողացան բարոյական հաղթանակ տանել 2018-ին, երբ հնարավոր եղավ մեր հասարակությանը պառակտել և այդ պահից սկսած՝ թե 44-օրյա պատերազմով, թե հետո նրանց հաջողվեց ստանալ այն ամենը, ինչ իրենց պետք է։ Այդ մասին բազմիցս բարձրաձայնել է թե Ադրբեջանը, թե Թուրքիան․ «Մենք ուզենք, թե չուզենք՝ գնալու ենք պատերազմի և այդ պատերազմը հրահրում են առաջին հերթին մեր թշնամիները։ Եթե նույնիսկ վաղը հայտնի կապիտուլյանտը Երևանն էլ նվիրի Ադրբեջանին, միևնույն է՝ պատերազմ լինելու է, քանի դեռ մեր թշնամուն ծնկի չենք բերել», – հավելեց Պողոսյանը՝ շարունակելով, որ Ալիևի հաճախակի մարազմի հասնող ցինիզմը վկայում է մի բանի մասին՝ «Ալիևը չի փորձում կանգնել, որովհետև իր նյարդերն են տեղի տալիս, քանզի հասկանում է, որ այսքանից հետո ինքը չի կաարողացել մեզ ծնկի բերել, գուցե ինչ-որ մի մասի, գուցե ինչ-որ խմբի ծնկի է բերել, բայց բուն հայ մարդուն ինքը չի կարողացել»։

Խոսելով Աննա Հակոբյանի վերջին գրառման մասին, որտեղ նա քննադատում է արցախցի ծնողին՝ երեխաների հետ կյանքի ճանապարհը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից փակելուն ուղղված ակցիային մասնակցելու համար՝ Կարապետ Պողոսյանը վերհիշեց անեկդոտ, որը բանախոսի ձևակերպմամբ հստակ բնութագրում է Ա․Հակոբյանին։ Նա իր զարմանքն ու մտահոգությունը հայտնեց, թե ինչպես կարող է հայ մայրը, հայ կինը այդպես սատանայական չարությամբ լցվել։ Միևնույն ժամանակ բանախոսը դրական բան է տեսնում այդ գրառման մեջ։ Փաստորեն էնտեղ ամեն ինչ շատ լավ է արվում, որ հայտնի կինը այդ փաստից նեղվում է։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի կողմից Մոսկվա չմեկնելու հանգամանքին և ձևակերպմանը, թե իբր ինքը զարմացած է, որ Սերգեյ Լավրովը զարմանում է՝ Կարապետ Պողոսյանը վերհիշեց, թե ինչ անվանում էին տվել Արարատ Միրզոյանին Թուրքիայում՝ Արաբատ, որը թարգմանաբար նշանակում է սայլ, կցորդ, «և բնականաբար Արարատ Միրզոյանը կցորդ է թուրքական ԱԳՆ-ի, և բնականաբար իրեն ասել են, որ չգնաս։ Եթե փակ է, եթե կա խնդիր, առաջին հերթին դու պետք է գնաս, չպետք է սպասես, որ քեզ հրավիրեն», -հավելեց ընդդիմադիր գործիչը։

Ամփոփելով՝ բանախոսն ընդգծեց, որ այս տարի ամեն դեպքում ունեցանք ձեռքբերումներ, չնայած անդառնալի կորուստներին։ Այս տարի շատ բան մաքրվեց, պարզաջրվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն կենտրոնը, որտեղից նա սնվում է, 2-րդ՝ հասարակությունը արթնության նշույլներ է ցույց տալիս, սկսում է դեպրեսիայից դուրս գալ, շատ բաներ հստակեցվեց ընդդիմադիր դաշտում։ Ինչ վերաբերում է մաղթանքներին՝ բանախոսը մաղթեց, «որ մենք իսկապես ունենանք Ամանոր, Նոր տարի, որովհետև հենց էս պահին աշխարհն ապրում է 2022 թ․ դեկտեմբերի 26-ը, իսկ մենք ապրում ենք 2020 թ․ նոյեմբերի 9-ը»։

Մանրամասները՝ տեսանյութում