«Վերին Լարս» անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա. Մհեր Գրիգորյան

Այս պահին «Վերին Լարս» անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա։ Այսօր Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ «Վերին Լարսում» ծանրաբեռնվածությունը այս պահին թուլացել է, ու եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա։ Նախարարը վստահեցրել էր, որ հերթերը գրեթե վերացել են։

Հավելենք, որ դեկտեմբերի 1–ից «Վերին Լարս» անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։

Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ «Վերին Լարսով» անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից «Վերին Լարսով» անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։