ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի միայն երկրորդ պահանջը. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ էր ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ-ի ներկայացրած պահանջը բավարարելուն և Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելուն։

Նրա խոսքով` սխալ է ակնկալել, որ դատարանը պետք է Ադրբեջանին պարտավորեցնի բացել Լաչինի միջանցքը, քանի որ ՄԻԵԴ-ն իր ցանկացած գործողություն կապում է ինչ-որ կոնկրետ իրավունքի հետ` կյանքի իրավունքի պաշտպանություն կամ անմարդկայաին դաժան վերաբերմունքի արգելք և այլն։

Եվրոպական դատարանը սովորաբար խուսափում է նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց։

«Եվրոպական դատարան դիմել էինք դեռևս դեկտեմբերի 15-ին, դրանից հետո ամենօրյա ռեժիմով նոր թարմացումներ էինք տրամադրում, որը վերաբերում էր հենց Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին ու զարգացումներին։ Մեր դիմումի մեջ շեշտադրումներ արվել էին հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց, անօթևան մնացած անձանց վերաբերյալ»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանի համար այս որոշումը կայացնելիս հիմք է հանդիսացել այն, որ հայկական կողմը շեշտադրել է նաև արցախահայության կյանքի իրավունքի և դաժան, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու անհրաժեշտությունը, որը ամրագրված է նաև Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով․ «Բնականաբար, Եվրոպական դատարանն այս իրավիճակը պետք է կապի այդ երկուսի հետ։ Դատարանը պետք է տեսնի, որ իրավիճակը շարունակվելու դեպքում կարող է անդառնալի վնաս հասցնել այս երկու հոդվածներով պաշտպանվող արժեքներին։ Երեկ Եվրոպական դատարանը ուշ երեկոյան ծանուցեց մեզ իր կայացրած որոշման մասին, դատարանը նախ և առաջ հղում կատարեց 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, որով Ադրբեջանը ստանձնել էր հստակ պարտավորություն՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների անվտանգ տեղափոխումը և հիշեցրեց նաև Ադրբեջանին իր կոնվենցիոն պարտավորությունների մասին և եզրափակեց՝ ապահովել ծայրահեղ ծանի առողջական վիճակ ունեցող մարդկանց տեղափոխումը ՀՀ, ինչպես նաև այն բոլոր անձնանց, որոնք գտնվում են ճանապարհին՝ անօթևան և առանց ապրուստի բավարար միջոցների»։

Կիրակոսյանը նշեց նաև, որ հրատապ միջոց ներկայացնելու այս պահանջը ՀՀ-ն ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի թիվ 4-րդ միջպետական գանգատի շրջանակներում․ «4-րդ գանգատը վերաբերում է այս տարվա զարգացումներին Արցախում՝ Փառուխ, Քարագլուխ գյուղերի հատվածում ադրբեջանական ուժերի առաջխաղացումը և քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումը, գազանջատումները և նաև կրկին Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներն այս տարվա օգոստոսին»։

Ադրբեջանական մամուլով շրջանառվում են լուրեր, որ ՀՀ-ին մերժել է Եվրոպական դատարանը, հայտնեց Կիրակոսյանը և ընդգծեց, որ միջանկյալ միջոցի կիրառման շրջանակում՝ «Ադրբեջանի կողմից գերքայլեր չենք ակնկալում»։

Ըստ նրա՝ ՀՀ-ի ակնկալիքները դատարանից հասկանալի պատճառներով շատ բարձր չէին, որովհետև դատարանը իրավական տեսանկյունից ունի հստակ շրջանակներ նման միջոցներ կիրառելիս․ «Դատարանն անսահմանափակ չի գործում և նմանատիպ բարդ, կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց դատարանը սովորաբար խուսափում է»։

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չկատարի Եվրոպական դատարանի պահանջը՝ հարցին ի պատասխան Կիրակոսյանը նշեց, որ այս հարցում դատարանը ծանուցում է ԵԽ Նախարարների կոմիտեին, որը քաղաքական մարմին է և հետևում է դատարանի վճիռների կայացմանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշումը ճիշտ է և առնվազն օբյեկտիվ իրականությունն արտացոլում է, որը կարող է օգտագործվել քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Սա պետք է օգտագործվի քաղաքական առումով, որովհետև այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքից»,- եզրափակեց Կիրակոսյանը: