Հայաստանը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք. Արմեն Գրիգորյան

ՀՀ-ը իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել այն բոլոր հնարավոր գործիքները, որոնք առկա են, որ Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին՝ այսինքն աշխատի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը ՀՀ-ի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով, իրականացվում է անխոչընդոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով այս ուղղությամբ Հայաստանի կողմից ներդրված ջանքերին։

Գրիգորյանը հիշեցրեց ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում հնչած հասեցական կոչերի մասին և նշեց, որ պետք է շարունակել աշխատել այս ուղությամբ։ «Լաչինի միջանցքի հարցով ՀՀ-ն այս պահին աշխատում է միջազգային հանրության հետ»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Հարցին՝ հասցեական կոչերից բացի ՀՀ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի ՄԱԿ-ի ԱԽ-ից Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ աշխատում է և ՄԱԿ-ի ԱԽ կառույցի շրջանակում փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքներ իրականացնել։ «Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ դա կինի ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը»։