Զելենսկու այցն ԱՄՆ Արևմուտքի պառակտման ազդանշան է․ The Telegraph

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ վկայում է այն մասին, որ որոշ արևմտյան երկրներ սկսել են հոգնել Ուկրաինայի հակամարտությունից։ Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, իր հոդվածում նման կարծիք է հայտնել բրիտանական The Telegraph թերթի հեղինակ Համիշ դե Բրետտոն-Գորդոնը:

Կիևին Արևմուտքի 100%-անոց աջակցության բացակայության պատճառով Ուկրաինայի իշխանությունները ստիպված են արագացնել այլ երկրներից ռազմական և հումանիտար օգնության նոր փաթեթներ ստանալու իրենց ջանքերը։

Լրագրողն ընդգծել է, որ Զելենսկու այցը ԱՄՆ համընկել է այն պահի հետ, երբ Ուկրաինան լուրջ խնդիրների առաջ է կանգնած։

«Եթե Արևմուտքի միասնությունը չսկսեր փլուզվել, Ուկրաինայի առաջնորդը գուցե հարկ չհամարեր լքել իր պաշարված երկիրը»,- ենթադրում է հոդվածագիրը:

Դե Բրետտոն-Գորդոնը ուշադրություն է հրավիրել որոշ եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի կամ Գերմանիայի, Մոսկվայի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամությանը։ Նրա կարծիքով, երկրները չեն ցանկանում սրել էներգետիկ ճգնաժամը տարածաշրջանում։