Հայկական կողմը խնդրել է հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Սրանից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»,- նշել է Հունանյանը։