Ստեփանակերտի խանութներում որոշ ապրանքատեսակների պակասն արդեն ակներև է

Մթերային խանութներում առաջին հայացքից ամեն ինչ կա, մարդիկ ավելի հանգիստ են գնումներ կատարում, սակայն որոշ ապրանքատեսակների պակասն արդեն նկատվում է։

«Շաքարավազի պակաս կա, արդեն ծխախոտն էլ է պակասում, մնացածն ունենք։ Թե որքան կձգվի, որքանով կկարողանանք հաճախորդների պահանջը բավարարել, դա չեմ կարող ասել»,- Արցախի հեռուստաընկերության թղթակցին ասում է վաճառողուհիներից Արմենուհի Պողոսյանը։

Նա պատմում է, որ Ամանորին ընդառաջ տնտեսվարողները որոշ քանակությամբ մթերք են պահեստավորել. «Պաշար ունեինք՝ Նոր տարով պայմանավորված, դա փրկեց մեզ այդ իրավիճակում»։

Խանութին կից գործում է նաեւ հացի փուլ, ինչի պատճառով էլ հացի հետ կապված խնդիր չեն ունեցել. «Եղել է ժամանակ, որ 20 ժամ աշխատել են մեր աշխատողները, որպեսզի բնակչությանը ապահովենք հացով»։

Հրուշակեղենի խանութում քաղցրավենիքի տեսականին քչացել է, քանի որ աշխատում են պահանջակի հիման վրա. «Աշխատում ենք, հումքն ունենք։ Աշխատողները բոլորն աշխատում են, բայց մեկը մնացել է Երեւանում, չի կարողանում գալ աշխատանքի»։

Եթե սննդի եւ կենցաղային ապրանքների հետ կապված խնդիր չկա, ապա այլ պատկեր է մրգի եւ բանջարեղենի սպառման կետերում։ Տաղավարները հիմնականում դատարկ են։

Վաճառող Վլադիկ Աթաջանյանն ասում է, որ թարմ ոչինչ չունեն, վաճառելու ապրանք էլ գրեթե չի մնացել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» եւ որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր եւ մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: