Մեծ պատերազմից հինգ պակաս է. 5

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախում գազամատակարարման վերականգնումից հետո, ուղիղ եթերի ժամանակ հույս  հայտնեց, որ օրվա մեջ կարող է Արցախ- Հայաստան ճանապարհը բացվի:

«Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի,- չգիտես ինչ տեղեկությունների հիման վրա, ասաց Ռուբեն Վարդանյանը:- Դա իրենց որոշումն է, դա իրենք են որոշել, որովհետև զգացել են, թե իրենք ինչ սխալ են արել, որովհետև և այստեղ ներսում, և դրսում իրենք ընկել են մեծ ճնշման տակ»:

Ադրբեջանը նույնիսկ զգացել կամ հասկացե՞լ է իր թույլ տված սխալը… Հայերի մի մասը գուցե մտածեց , թե մեր հարևաններն այնքան էլ անբարեհույս չեն, բայց… Օրն արդեն ավարտին մոտ է, մինչդեռ Ճանապարհը, ցավոք, այդպես էլ մնում է արգելափակված:

Ըստ Արցախի պետնախարարի, հարևան պետությունն Արցախ գազի մատակարարումը վերականգնել է առանց որևէ նախապայմանի, առանց մեր կողմից որևէ զիջման: Բացառելով Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորումը, ընդգծելով, որ Արցախ գազը մատակարարվում է Հայաստանից, Ադրբեջանն ընդամենը փականն է փակել, իսկ այսօր բացել, նշենք, որ առաջիկայում այս կամ միգուցե մեկ այլ հրապարակմամբ կանդրադառնանք, թե թշնամուն ինչը կարող էր ստիպել բացել գազատարը:

Քանի որ Արցախը Հայաստանին կապող միակ, այսինքն` կյանքի ճանապարհը դեռ մնում է փակ, անդրադառնանք այն հարցին, թե ինչի կարող է հանգեցնել Արցախում ռուսական խաղաղապահների կողմից դրա բացումն ուժային եղանակով:

Ադրբեջանը Լաչինի միջանցքում խախտում է հայտարարությունը (2020թ. նոյեմբերի 9-ի.  խմբ.) և ցանկանում է անգործունակ ներկայացնել ռուսական խաղաղապահ զորախումբը, որին անընդհատ կպնում են, վիրավորում, փորձում են արձագանք հրահրել, որպեսզի հետո դրա հիման վրա բարձրացնեն Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցը։ Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ռուսաստանի ուժային արձագանքը կհանգեցնի մեր խաղաղապահ զորախմբի դուրսբերման անհրաժեշտության մասին Ադրբեջանի կողմից հայտարարությանը,- ասել է Զատուլինը:- Բաքվին այնտեղ նա պետք չէ, նա խանգարում է, քանի որ Բաքուն կցանկանար, որքան հնարավոր է, շուտ հասնել Ղարաբաղի ամբողջական մաքրմանը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը։ Համոզված եմ, որ հենց դա է նպատակը»։

Զատուլինը խոսել է նաև այն զգացմունքների մասին, որոնք այս ընթացքում սերմանվել են ադրբեջանցիների մեջ՝ հայերին հրեշացնելու նպատակով, նրանց կամ Ադրբեջանի կողմից Երևանին հավակնելու մասին, ինչի մասին հայտարարել է Ալիևը։ Զատուլինի ասածներն, իհարկե, ճիշտ են` ներառյալ այն, որ Ռուսաստանի ուժային արձագանքը կհանգեցնի ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման անհրաժեշտության մասին Ադրբեջանի հայտարարությանը:

Սակայն հենց այստեղ ընդգծենք, որ նկատի ունենալով Ալիևի ստորագրած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ճանապարհի արգելափակմամբ դրա կոպտագույն խախտումը հենց Ադրբեջանի կողմից, խաղաղապահ զորախմբի ուժային արձագանքն Ադրբեջանի համար, միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավական հիմք չի կարող հանդիսանալ ՌԴ-ին Լաչինի (երբեմնի Բերձորի) միջանցքից և Արցախից ռուսական խաղաղպահներին հանելու պահանջ առաջադրելու համար, հետևաբար Ռուսաստանի կողմից այն բավարարելու ենթակա չի լինի ու չի բավարարվի:

Այնուհանդերձ, թեկուզ առանց որևէ իրավական հիմքի և հիշյալ պահանջի մերժման մասին նախապես շատ լավ իմանալով, Ադրբեջանը, կասկածից դուրս է,  կներկայացնի խաղաղապահներին հեռացնելու պահանջ: Առավել կարևորն այն է, թե ինչ կլինի այդ պահանջի մերժումից հետո: Համոզված ենք, որ Ադրբեջանը դրանից հետո գործի կդնի իր զինված ուժերը` թվակազմով և զինվածությամբ իր ԶՈւ-ին զիջող խաղաղապահներին ջախջախելու կամ առնվազն հարկադրելու համար, որ նահանջեն, հեռանան Լաչինի միջանցքից և Արցախից ընդհանրապես:

Ռուսաստանը, նրա զինված ուժերը, բնականաբար, չեն նստի ու ձեռքերը ծալած, ընդամենը դիտողի դերում, հետևի այս ամենին: Ռազմական արձագանքը թե օպերատիվության, թե ուժգնության առումով կայծակնային կլինի: Ի՞նչ ճակատագրական վախճան է սպասվում Ադրբեջանին, եթե խաղաղապահների հետ բախում լինի: Այս հարցին անդրադարձել է նաև Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ և  քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը:

«Ռուսաստանը կարող է ռմբակոծել Բաքվի նավթարդյունաբերությունը, եթե Ադրբեջանը հարձակվի խաղաղապահների վրա, և դա ձեռնտու կլինի Ռուսաստանին, քանի որ կդադարի նավթի հոսքը Ադրբեջանից դեպի արևմուտք և ոչ միայն`աննախադեպ թանկացում կլինի նավթային շուկայում, որից կրկին կտուժվեն արևմուտքն ու այլ երկրներ, ինչն էլ սկիզբ կդնի վախճանին Ադրբեջանի»,- ասել է Ալեքսանդրովը:

Անտեղյակ հայերին ոգևորող այս վերլուծությունը կամ կանխատեսումը, սակայն, կիսատ է, քանի որ իրադարձությունների զարգացումը չի սահմանափակվի սոսկ Ալեքսանդրովի ներկայացրածով…

Այո, ՌԴ-ն կհարվածի նշված և ոչ միայն նշված թիրախներին, բայց այնպես չէ, որ ամեն ինչ կսահմանափակվի միայն դրանից Ադրբեջանի և Արևմուտքի տուժելով: Ռուս- ադրբեջանական պատերազմի մեջ անմիջապես կմտնի Թուրքիան, ինչը Ռուսաստանին կստիպի Թուրքիայի տազմավարական նշանակության թիրախների դեմ մարտավարական միջուկային զենք օգտագործել, որպեսզի այդ պատերազմում չպարտվի: Իսկ ի՞նչ կլինի ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ միջուկային զենք օգտագործելուց հետո…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան