Հաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերը
ՀՀ Կառավարությունը հաստատել է մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման նոր կարգերը և լիցենզիայի ձևերը։
Որոշման նպատակն է կատարելագործել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորման գործընթացը, հստակեցնել կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները և ապահովել որակավորման շրջանակային նկարագրերի վրա հիմնված լիցենզավորման նոր համակարգի փուլային ներդրումը։
Կարգավորումները բխում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրարկումից և «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններից։
Որոշմամբ նախատեսվում է մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ՝ տարբերակելով՝
1. մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը,
2. յուրաքանչյուր առանձին որակավորման կրթական ծրագրի իրականացման լիցենզավորումը։
Առաջին դեպքում կգնահատվեն կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ընդհանուր ենթակառուցվածքները՝ շենքային, լսարանային, լաբորատոր, մարզական և գրադարանային պայմանները, ինչպես նաև ուսումնական հաստատության զարգացման հայեցակարգի առկայությունը։
Առանձին որակավորման կրթական ծրագրի լիցենզավորման դեպքում հիմք կընդունվեն տվյալ որակավորման առանձնահատկություններով պայմանավորված պահանջները՝ համապատասխան գույքի և սարքավորումների, ուսումնաարտադրական տարածքների և բազաների, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի առկայությունը, ինչպես նաև գործատուների և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը։
Նոր համակարգին անցումը կիրականացվի փուլային եղանակով՝ ապահովելով գործող կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի շարունակականությունը։
Մինչև համապատասխան որակավորման շրջանակային նկարագրերի հաստատումը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը կշարունակվի գործող մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների, կրթական ծրագրերի և համապատասխան մեթոդական փաթեթների հիման վրա։
Անցումային կարգավորումը հնարավորություն կտա ուսումնական հաստատություններին նախապատրաստվել նոր պահանջներին, իսկ որակավորման շրջանակային նկարագրերի մշակման գործընթացն իրականացնել պատշաճ մասնագիտական մակարդակով՝ ներգրավելով ոլորտային մասնագետներին, գործատուներին, կրթական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերի։
Որակավորման շրջանակային նկարագրերով կսահմանվեն ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, կրթական ծրագրերի բովանդակությանը, ինչպես նաև անհրաժեշտ նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները՝ առավել սերտորեն կապելով մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի պահանջների հետ։
Նոր կարգերով հստակեցվել են նաև ուսումնական և ուսումնաարտադրական տարածքներին ներկայացվող պահանջները, դրանց՝ սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխանության ապահովման պայմանները, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպմանն առնչվող պահանջները։
Նախատեսվում է նաև լիցենզավորման գործընթացի թվայնացում․ 2029 թվականի հունվարի 1-ից քոլեջները լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

