Մեծ պատերազմից 5 պակաս է. 4

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ (

Ռուսական կողմից տարվող բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չի բացելու Արցախը Հայաստանի ու մնացյալ ողջ աշխարհի հետ կապող միակ, այսինքն` կյանքի ճանապարհը, և չի վերականգնելու Արցախի գազամատակարարումը: Ինչո՞ւ ենք այսպես կարծում… Նախ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը եթե ճանապարհը բացելու լիներ, արդեն իսկ բացած կլիներ, պետք է որ բացած լիներ…

«Լաչինի միջանցք» անվանված ավտոճանապարհի փակումից` դեկտեմբերի 12-ից սկսած, ինչպես Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, այնպես էլ Մոսկվան ճանապարհը բացելու նպատակով ինտենսիվ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, բայց արդյունքը զրո է:

Ինքը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հենց դեկտեմբերի 12-ին անձամբ է հեռախոսազրույց ունեցել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, ինչպես դժվար չէ հասկանալ (ուշադրություն դարձրեք ամսաթվին), փորձել հասնել ճանապարհի ապաշրջափակման, բայց Ալիևը կամ կտրական մերժել է, կամ խորամանկորեն անընդունելի պայմաններ առաջադրել, կամ էլ խոստացել է բացել, բայց, ինչպես բնորոշ է թուրքին, իր խոստումը դրժել: Կարծել, որ եթե Պուտինն արդյունքի չի հասել, ապա նրանից հետո կարող են արդյունքի հասնել խաղաղապահ զորախմբի հրամանատարը, ՌԴ ՊՆ-ն, ԱԳՆ-ն, կլինի առնվազն միամտություն:

Համենայն դեպս, փաստն այն է, որ Լաչինի միջանցքն արդեն 4-րդ օրն է մնում է շրջափակված ադրբեջանցի «բնապահպանների», «լրագրողների», ինչպես նաև վերջին օրերին նրանց միացած Ադրբեջանի ոստիկանության հատուկջոկատայինների կողմից, իսկ ռուսական կողմից տարբեր մակարդակներով վարվող բանակցություններն առ այս պահը որևէ արդյունք չեն տվել ու, կարծում ենք, չեն տալու:

Որևէ արդյունք չեն տալու նաև Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի արտահայտած կեղծ անհանգստությունը և լարվածությունը թուլացնելու, համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկություն ապահովելու պոռնկական կոչը կողմերին, կարծես թե Հայաստանը, Արցախը, ռուսական խաղաղապահները նույնպես մասնակից են միջանցքի արգելափակմանը:

Որևէ արդյունք չեն տալու նաև առանց որևէ նախապայմանի, Լաչինի միջանցքով ԼՂ մատակարարումը վերականգնելու Ֆրանսիայի ԱԳՆ-ի, ինչպես նաև ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված կեղծ կոչերը` միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու, Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած դադարեցմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վնաս հասցնելու անթույլատրելիության վերաբերյալ: Ինչո՞ւ…

Որովհետև ԱՄՆ-ից հսկայական օգնություն ստացած և 907-րդ բանաձևի չեղարկումից հետո նաև ռազմական օգնություն ստացող Ադրբեջանի ղեկավարությունը վստահ է, որ Միացյալ Նահանգները բավարարվելու է բացառապես հայտարարությունների մակարդակով, հավանաբար ամերիկյան պաշտոնյաներից երաշխիքներ էլ ունի, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառի, ինչպես ՌԴ-ի նկատմամբ, ոչ միայն չի դադարեցնի տնտեսական ու ռազմական օգնության տրամադրումը, այլև դրանք նույնիսկ չի էլ կրճատի: Վստահ են, որ Ֆրանսիան նույնպես բավարարվելու է բացառապես հայտարարությունների մակարդակով:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ անելով Հայաստանին վայրկյան առաջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սխալ չի ասել է, թե այստեղ ոչ մեկը (այսինքն` Հայաստանը, Արցախը) Արևմուտքից որևէ բան չի ստանա։ Չավուշօղլուն նույն ասել է նաև Արևելքից, ընդհանրապես, դրսից օգնություն չստանալու առումով, բայց այդ հարցում, կարծում ենք, սխալվում է կամ միտումնավոր կեղծ կանխատեսում ներկայացնում, համենայն դեպս, կապրենք` կտեսնենք…

Այն, որ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի և մտադիր չէ ճանպարհը բացել ու գազամատակարարումը վերականգնել, վկայում է նաև Լաչինի միջանցքը փակելու նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարության կողմից Ռուսաստանին հղված բողոքի նոտան` «Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ», երբ ադրբեջանցի «մասնագետներին» թույլ չեն տվել այցելել Ղարաբաղի հանքավայր դիտարկման նպատակով։

NTERFAX.RU-ի տեղեկացմամբ , Բաքուն նոտա է հղել Մոսկվային` ռուսական կողմին կոչ անելով ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անխոչընդոտ մուտքը Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող օգտակար հանածոների հանքավայրեր՝ համապատասխան դիտարկում կատարելու համար: Այս մասին կիրակի օրն NTERFAX.RU-ի հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Ընդգծվել է նման ուղևորության համար խոչընդոտելու կամ որևէ պայման առաջադրելու անթույլատրելիությունը»,- ասել է Հաջիզադեն «Ինտերֆաքս»‰ լրատվական գործակալությանը։

Նրա խոսքով` նոտայում ընդգծվում է «ղարաբաղյան տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իրենց գործունեության ընթացքում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խստիվ պահպանման անհրաժեշտությունը»:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման առնչությամբ իրավիճակի մոնիտորինգի ձախողման մասին։ Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանցի մասնագետների անցումը հանքավայրեր խոչընդոտվել է «մի խումբ ագրեսիվ տրամադրված երիտասարդների կողմից»։ Հավելվել է, որ ռուս խաղաղապահները պայմաններ չեն ստեղծել Ադրբեջանի ներկայացուցիչների բնականոն աշխատանքի համար։

Ավելին. Բաքվում հենց ռուս խաղաղապահներին են մեղադրել Լաչինի միջանցքն արգելափակելու մեջ: Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 13-ին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լաչինի միջանցքն արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի «ցուցարարների», այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։

Ադրբեջանական ԶԼՄ-ների, օրինակ, haqqin.az-ի տեղեկացմամբ, «Ակցիայի մասնակիցներից ստացված տեղեկատվության համաձայն, ակտիվիստները վճռական են տրամադրված՝ կանխելու նախկին ձևաչափով (2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  6-րդ կետի համաձայն` ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո.- Ա. Հ.) Լաչինի ճանապարհի գործելը և կշարունակեն ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չէ Բաքվի կողմից ճանապարհի վերահսկողությունը»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այժմ նրանք պահանջում են ոչ թե հանդիպում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, այլ Բաքվի կյողմից ճանապարհի վերահսկողության ապահովում և «Ադրբեջանի պետական ​​ինքնիշխանության ամբողջական վերականգնում` խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում», այսինքն` Լաչինի միջանցքի նկատմամբ խաղաղապահների վերահսկողության վերացում և Ադրբեջանի վերահսկողության հաստատում:

Ադրբեջանի կողմից Արցախն ու Հայաստանը միմյանց կապող միակ ճանապարհի հանցավոր արգելափակումը վերացնելու միայն մեկ ճանապարհ կա` ուժի կիրառումն այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի, իսկ վերջինիս անգործության դեպքում` ԱՀ Պաշտպանության բանակի կողմից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան