Հայաստանին նախ և առաջ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ է պետք, և միայն այդ դեպքում տեսանելի կլինեն լուծումները

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Յուրաքանչյուր անգամ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստ են պատրաստում, մի վերջին հույս ունենալով, որ ԱԺ դավադիր մեծամասնությունն ի վերջո կգիտակցի ազգային շահերը միասնաբար արտահայտելու և դրանց համար կռիվ տալու կարևորությունը: Յուրաքանչյուր անգամ, ԱԺ մեծամասնությունը ձախողում է ազգային շահերի շուրջ միասնական ու վճռական հանդես գալու հնարավորությունը` ի ցույց դնելով օտար շահերի ծառայելու իր հանձնառությունը: Պետք է արձանագրենք, որ մեր երկրում վաղուց արդեն չկա հասարակությանն ու հայկական սփյուռքին միավորող, երկրի իրական խնդիրներով զբաղվող իշխանություն: Կան տարատեսակ կոչեր անող անհատներ, կան տարբեր ակցիաներ իրականացնող և լուծումներ առաջարկող ընդդիմադիր ուժեր, կան շախմատի զինվորիկի (пешка) նման այստեղ-այնտեղ շարվող ոստիկաններ, կան անորոշության մեջ ապրող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, կան իրենց սպեցիֆիկ հոգսերով արևմտյան և հյուսիսային շրջաններում ապրող բնակիչներ, կան քեֆ անող երևանցիներ, կան քաղաքային ընտրությունների պատրաստվող և սեփական PR-ով զբացվող իշխանական խմբավորումներ, կան բյուջեի փողերը քամուն տվող և ոչ մի իրական խնդիր չլուծող նախարարություններ, կա փող աշխատող ու պետական բյուջեից սնվող մանր ու միջին բիզնես հանրույթ, կա իր դարդերով տապակվող, շրջափակված ու չհանձնվող Արցախ… Սրան զուգահետ` կան մեր ազգի ու պետության դեմ ամենօրյա ռեժիմով գործող թշնամիներ: Այս ամենը կան, բայց չկա պետական իշխանություն: Փոխարենը` կան իշխանության զավթիչների կաշիները քաղաքական պատասխանատվությունից փրկելու և ընդդիմությանը խանգարելու համար փող ստացող ուժային կառույցներ: Այսքանից հետո, ումի՞ց ենք ինչ պահանջում… Սեփական պրոբլեմների մեջ թաղված Եվրամիությունի՞ց, իր ազգային անվտանգության և ռազմավարական շահերի համար կռիվ տվող Ռուսաստանի՞ց, աշխարհի գլոբալ վերափոխմամբ զբաղված Ամերիկայի՞ց, թե՞ բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած Իրանից… Հայաստանին նախ և առաջ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ է պետք, և միայն այդ դեպքում տեսանելի կլինեն լուծումները: Այն երկիրը, որը չունի իրական իշխանություն, չի´ կարող լուծել որևէ խնդիր»։