Մեծ պատերազմից 5 պակաս է. 3

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ

Որքա՞ն կբավարարեն Արցախում դեղորայքի, սննդի, վառելիքի պաշարները, որքա՞ն կդիմանա Արցախի բնակչությունը, անհայտ է: Մեզ ու լայն հասարակայնությանն է անհայտ, Արցախի և Հայաստանի ղեկավարությանը հարցի առաջին մասի պատասխանը հիմնականում հայտնի է: Ու քանի որ Հայաստանի ղեկավարությանը հայտնի է, վստահ չենք, որ հայտնի չէ Ադրբեջանի ղեկավարությանը` «բարեկիրթ» Ալիևին և այլոց:

«Ներկայումս դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա»,- երեկ Տելեգրամի իր ալիքում կատարած գրառմամբ հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Այսօր Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդումից հայտնի դարձավ, որ հանրապետությունում վառելիքի պակաս կա:

Ըստ պետնախարարի, Արցախի ղեկավարությունն անում է հնարավորը՝ բացառելու հումանիտար ճգնաժամը: Ահա երկու հատված Վարդանյանի վերոնշյալ գրառումից.

«Սիրելի հայրենակիցներ.

Դուք քաջատեղյակ եք, թե ինչ ծանր իրավիճակում ենք գտնվում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Ավելի քան 120.000 արցախցիների կյանքը, որոնցից 30.000-ը երեխաներ են, կրկին վտանգի տակ է։ Արցախը հումանիտար աղետի շեմին է։ Բայց Արցախին կոտրել հնարավոր չէ։

Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը արցախահայության էթնիկ զտումն է կամ ամբողջական ոչնչացումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կազմում Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ չկան։ Կա միայն Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիք  և  պատրվակ՝ շարունակելու 2020 թվականի պատերազմը։

Փաստորեն, երեկվանից Արցախը լիակատար շրջափակման մեջ է, ինչպես 1941 թվականի ձմռանը Լենինգրադը»։

«Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին՝ հումանիտար աղետը կանխելու համար ձեր միանշանակ աջակցության կարիքն ունենք։ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են, այլև ուղղակի ահաբեկչություն։ Համաշխարհային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի կողմից իր բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։

Լաչինի միջանցքում սադրանքի նպատակներից մեկն էլ ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է։ Ադրբեջանն անում է ամեն ինչ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու համար, որը կոչված է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը.

Անհրաժեշտ եմ համարում ավելացնել խաղաղապահների կոնտինգենտը և ընդլայնել նրանց մանդատը։ Բայց, իհարկե, առաջին հերթին մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա, Ադրբեջանը ձգտում է մեզ ճնշել, թուլացնել և զրկել հույսից։ Թող իմանան, որ մեզ չի կարելի կոտրել։ Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, և մենք այստեղից չենք հեռանալու»։

Այո, Ադրբեջանը Լաչինի միջանցքի շրջափակմամբ փորձում է իջեցնել խաղաղապահ զորակազմի վարկանիշը, վարկաբեկել ռուս խաղաղապահներին, և չի կարելի ասել, թե նշվածի առումով այս պահի դրությամբ հաջողության չի հասել: Ռուսական խաղաղապահ ուժերն էլ փորձում են ադրբեջանցիների սադրանքներին չտրվել, նրանք էլ այս առումով են հաջողության հասել:

Ադրբեջանը երեկ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս կապակցությամբ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության  մեջ մասնավորապես նշված է.

«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»:

Նշելով, որ «Մենք արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ», Ռուբեն Վարդանյանը երեկ հայտարարել է, որ ստիպված են լինելու դպրոցները փակել, դեկտեմբերի 14-ից չեն աշխատելու այն դպրոցները և համալսարանները, որտեղ չկա փայտի վառարաններով տաքացնելու հնարավորություն:

Հավելենք, որ Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակման հետևանքով բացի նրանից, որ Արցախը դեռ զրկված է մնում Հայաստանի և, ընդհանրապես, ամբողջ աշխարհի հետ տրանսպորտային կապից, փաստացի շարունակում են շրջափակված լինել նաև Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

Առկա մի շարք տեղեկություններ փաստում են, որ Ադրբեջանն իր առջև խնդիր չի դրել ինչ-որ հանքի կամ ինչ-որ բնապահպանական հարցեր լուծելու: Այդ ամենը կեղծիք է, հորինված առիթ` սկսելու այն, ինչն արդեն սկսել են: Փաստերը, տեղեկությունները վկայում են, որ Ադրբեջանն իր առջև մի նոր ու նախորդից առավել մասշտաբային պատերազմ սադրելու, ոչ միայն Արցախն ամբողջությամբ բռնազավթելու, բնակչությանը ցեղասպանելու, այլև Հայաստանի տարածքով իր և իր ետևում կանգնած ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի համար միջանցքի բացման խնդիրներն է դրել: Սա` նվազագույնը, իսկ եթե կարողացավ, հաջողեց, փորձելու է բռնազավթել ողջ Հայաստանը, իսկ այստեղ ապրող հայերին ցեղասպանել:

Որ Ադրբեջանն իրադարձությունների զարգացումը տանում է ոչ թե դեպի իր մեղքով ստեղծված իրավիճակի բանակցային հանգուցալուծում, այլ դեպի պատերազմ, վկայում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով ԱԳՆ-ն փաստացի վերջակետ է դրել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Ավելին. Արցախ- Հայաստան ավտոճանապարհը փակած ադրբեջանական հրոսակը կամ խուլիգանական վարք դրսևորող «բնապահպանների», «լրագրողների» ու նրանց աջակցող քաղաքացիների խումբն արդեն բացահայտորեն վիրավորում, ծաղրում, սադրում է ռուսական խաղաղապահներին` բղավում նրանց վրա, սուլում, ոռնում, ցույց տալիս «գորշ գայլերի» խորհրդանշանը, նույնիսկ խոսափողները կպցնում նրանց բերաններին, հրում` նպատակ ունենալով նրանց հետ բախում հրահրել: Ինչո՞ւ…

Որպեսզի դրանից հետո Բաքուն Մոսկվայից պահանջի խաղաղապահներին հեռացնել Լաչինի միջանցքից և, ընդհանրապես, ողջ Արցախից, իսկ պահանջի չկատարման դեպքում կամ էլ առանց որևէ պահանջի, հիշյալ բախումից ու դրա ծավալումից անմիջապես հետո, ՌԴ-ին ներքաշի իր և իր դաշնակից Թուրքիայի դեմ պատերազմի մեջ, իրականացնելով Ադրբեջանի և Թուրքիայի ետևում կանգնած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի` այստեղ Ռուսաստանի համար 2-րդ ճակատ բացելու ծրագիրը:

Արցախ- Հայաստան ավտոճանապարհին ռուսական խաղաղապահներին սադրելուց բացի, արդեն 2-րդ օրն է, ինչ ճանապարհն արգելափակողներին ադրբեջանական հատուկջոկատայիններ են ավելացել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ոստիկանության հատուկջոկատայիններն ուղարկվել են «ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին ռուս խաղաղապահներից պաշտպանելու համար»։ Այսինքն` Ադրբեջանը զինված մարդկանց դեմ զինված մարդիկ է հանել ու պատրաստ է ցանկացած պահի խաղաղապահների հետ զինված բախման, եթե նրանք փորձեն ուժով հեռացնել ճանապարհն արգելափակողներին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան