Իրանը պատասխան պատժամիջոցներ կմտցնի եվրոպական երկրների դեմ
Իրանական կողմը երկուշաբթի պատժամիջոցներ կմտցնի եվրոպական մի շարք երկրների դեմ՝ ի պատասխան ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ազդարարած ռեստրիկցիաների, նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Հաշվի առնելով մի շարք երկրների, ինչպես նաև Եվրամիության ոչ կառուցողական գործողությունները՝ Իրանն օգտագործել և շարունակելու է օգտագործել կանխիչ միջոցներ՝ հիմնված իր օրինական իրավունքի վրա… Այսօր այդ շրջանակում մենք կհայտարարենք Եվրամիության և ԵՄ պաշտոնատար անձանց հետ կապված որոշ հաստատությունների դեմ նոր պատժամիջոցների ցանկը, ինչպես նաև պատժամիջոցներ Մեծ Բրիտանիայի մի շարք հաստատությունների և պետական անձանց դեմ»,- Fars գործակալությունը մեջբերել է Քանաանիի խոսքերը։
Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը ներկայում անօդաչուներ է մատակարարում Ռուսաստան Ուկրաինայում մարտական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը քանիցս մերժել են այդ մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ մատակարարել է անօդաչուներ, բայց Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսվելուց մի քանի ամիս առաջ։