Ինչու են ակտիվացել ադրբեջանցի «բնապահպանները», և ինչու է պարբերաբար փակվում Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը

Ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Արցախ-Հայաստան մայրուղին։ Սա 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս էթնիկ զտումներ անելու և հայերի ցեղասպանություն իրականացնելու իր մտադրությունները։ Սա նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից և նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։

Նման սադրանքների պատճառները պետք է փնտրել նաև Երևանում, ավելի ստույգ՝ ՀՀ կառավարության շենքում։

Եթե Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը, ՀՀ կառավարության ղեկավարից ստացած հրահանգով, հրաժարվում է «հանրապետություն» բառից ու առաջարկում է ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի մեր հայտարարության մեջ 44-օրյա պատերազմին վերաբերող հատվածում չօգտագործել «ռազմական ագրեսիա իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ձևակերպումն, այլ դրա փոխարեն գրել «հարձակում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ»,

եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում» ձևակերպումից,

եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր հանձնառություններից,

եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է դատապարտել մեր դեմ ուղղված «Շուշիի հռչակագիրը»,

եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» ձևակերպումից,

եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է և Բաքուն պետք է շփվի ղարաբաղցիների հետ իր ներքին օրենսդրության շրջանակներում (Աստանայում արված Ալիևի այս հայտարարությունը Փաշինյանը լուռ համաձայնությամբ ընդունեց),

ապա բնական է, որ Ադրբեջանը դիմելու է սադրաքների ու փակելու է Լաչինի միջանցքը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից