ՌԴ-ն կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Զախարովա

Ռուսաստանը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման։ Ամենշաբաթյա ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կանոնավոր շփումներ է պահպանում երկու կողմերի հետ՝ ինչպես քաղաքական մակարդակում՝ ներառյալ պետությունների ղեկավարների, ԱԳՆ-ի հետ, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորակազմի, ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության հարցով՝ զինված միջադեպերի կանխման նպատակով»։

«Մոսկվան ելնում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի համաձայնությունների՝ ուժի չկիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի մասին դրույթների պարտադիր կատարման անհրաժեշտությունից», -նշել է նա։