Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք»

«Հետքը» գրում է․

Ի հեճուկս իրավապահների՝ Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառապատ մի քանի տարածք վաճառքի են հանվել։ «Հետք»-ը պարզել է, որ վաճառվում են Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի և «Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի ընտանիքի անդամների անունով սեփականաշնորհված անտառապատ տարածքները։ 17 տարի առաջ ապօրինի սեփականաշնորհված այդ և այլ անտառապատ հողատարածքներ պետությանը վերադարձնելու համար վերջին տարիներին Դատախազությունը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարան։ Նման հայցեր ներկայացրել է նաև Հրազդան համայնքը, սակայն դատական գործընթացը համայնքը տապալել է։ Այս ամենին զուգահեռ անտառապատ երեք հողամասի սեփականատերեր այսօր փորձում են վաճառել հողերը։

Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի սկզբնամասում հայտնված ցուցանակն ազդարարում է 4.5 հեկտար մակերեսով անտառապատ հողամասի վաճառքի մասին։ Վաճառքի հայտարարությունների «list.am» կայքում նույն գույքին առնչվող հայտարարության նկարագրության բաժնում նշված է․ «Հողամասը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, հարմար է հյուրանոցային համալիր կամ բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու համար, ճակատային հատվածը մոտ 200 մետր է (իրականում 135 մետր, խմբ․ հեղ․)»։ Գույքը վաճառվում է 4 միլիոն ԱՄՆ դոլարով։

«Հետք»-ը 2018 թ․-ին հրապարակել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննություն, որում թվարկված հողատարածքներից մեկը վերը նշված 4.5 հա անտառապատ տարածքն է։ 2006 թ.-ին Հրազդան համայնքից 27․9 միլիոն դրամով այն ձեռք է բերել ոմն Գևորգ Քիշոյանը։

Մեկ տարի անց՝ 2007 թվականին, Գևորգ Քիշոյանը հողամասը վաճառել է Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի մորը՝ Սվետլանա Հակոբյանին։ 2011 թ․-ին հողամասը գրավադրվել է բանկում․ այդ ժամանակ այն գնահատվել է 686 միլիոն դրամ։ Հողամասը մինչ օրս սեփականության իրավունքով պատկանում է Սվետլանա Հակոբյանին։ Հրաչյա Աղաջանյանը որպես դեսպան պաշտոնավարել է 2011 թ.-ից 2017 թ.-ը։ Նա այժմ մի քանի ընկերությունում բաժնետեր է։ Նրան պատկանող «Նոհա լաբ» ՍՊԸ-ից Գլխավոր դատախազությունը մի քանի անգամ գնում է կատարել (հանրային սննդի սպասարկում)։ Այդ ընկերությունը երկու բաժնետեր ունի, մեկը՝ Հրաչա Աղաջանյանն է (75%), մյուսը՝ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամն է (25%), որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աղաջանյանի մայրն է՝ Սվետլանա Հակոբյանը, որի անունով էլ գրանցված է անտառային տարածքը։

Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառների մասին մեր 2018 թ․-ի հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա քրեական գործ էր հարուցվել և կարճվել վաղեմության հիմքով։ Քրեական գործի նախաքննության ժամանակ հաստատվել էր, որ կեղծ աճուրդներով են հողերն օտարվել։ Դրանից հետո Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցերով դատարանում վիճարկում է սեփականաշնորհումները։ Մի քանի հողատարածք արդեն իսկ վերադարձվել է պետությանը, բայց տարօրինակ է, որ նախկին դեսպանի կողմից սեփականաշնորհված անտառի գործը դատարանում չէ։
Անատառապատ մյուս տարածքը, որը վաճառվում է, նույնպես Մհեր Մկրտչյան փողոցում է։ Այն պատկանում է «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, կասկածելի հանգամանքներում մահացած Արմեն Պետրոսյանի մորը՝ Կարինե Սուքիասյանին։ 1.25 հեկտար մակերեսով հողատարածքն ամբողջությամբ ծառապատ է։ Այս տարածքն առաջինը ձեռք բերած անձը տարիներ առաջ մեզ հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել անտառային հողի գնման մասին, պատմել է, որ գումարի դիմաց իր անձնագիրն է տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, որից հետո 300 դոլար են իրեն տվել մի քանի փաստաթղթում իր ստորագրությունը դնելու համար։ Այս հողատարածքը սեփականաշնորհվելուց հետո փոխանցվել է «Արայ» ընկերության նախկին սեփականատիրոջ մորը։ Կարինե Սուքիասյանը հողամասը գնել է 12 միլիոն դրամով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։