ՀՀ ռևանշիստական ուժերը խանգարում են երկու երկրների միջև հարցերի կարգավորմանը․ Ադրբեջանի ՊԱԾ փոխնախագահ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին Բաքվում ընթացող համաժողովում հարկ է համարել հատուկ ուշադրություն հատկացնել Հայաստանի «ռևանշիստական ուժերին, սպառազինությունների գնումներին և «սադրանքներին»։

«Հայաստանի ռևանշիստական ուժերն ամբողջ ուժով փորձում են խանգարել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքին»,- ասել է ՊԱԾ պետի տեղակալը։

Շադլինսկուն «մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը միջոցներ է տրամադրում սպառազինությունների և  բանակաշինության համար՝ գերազանցելով իր ֆինանսական հնարավորությունները, փորձում է գնել արդիական սպառազինություն և  ռազմական տեխնիկա տարբեր երկրներից, բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է հետաձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։

Նրա խոսքով՝ «հատուկ ուշադրության են արժանի Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, ռազմական տեխնիկայի ուղարկման և այնտեղ տարբեր սադրիչ գործողություններ իրականացնելու պայմանների ստեղծման հարցերը»։