ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական արջի գլուխը գլխացավից պայթի. 2

Բայց աննախանձելի կլինի վիճակը նրա, ով գործ կունենա միջուկային ժանիքներով գազազած արջի հետ

 

Սկիզբը` այստեղ 

Ըստ օտարերկրյա, անգլիալեզու լրատվամիջոցներից այս մեկի , ռազմական դիտորդի տեղեկացմամբ, Թուրքիայի օդուժը Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ոչ միայն քրդական դիրքերին, այլև սիրիական բանակի դիրքերին։ Ի թիվս Սիրիայի հյուսիսում և Իրաքում այլ թիրախների, հարվածներ են հասցվել նաև այնտեղ գտնվող մի քանի քաղաքների:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի դիտորդը տեղեկացրել է, որ Սիրիական բանակի դիրքերը նույնպես հրթիռակոծվել են, և առնվազն 31 հոգի զոհվել են օդային հարվածների հետևանքով, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի (SDF) և Սիրիական բանակի զինվորներ: Ռազմական դիտորդի տվյալներով՝ առնվազն 40 մարդ վիրավորվել կամ անհետ կորել է, իսկ ուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «մի քանի» սիրիացի զինվորներ են սպանվել Հալեպի հյուսիսում գտնվող գյուղական շրջաններում և Հասաքա նահանգում: Ավելի վաղ սիրիական պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ հարվածների հետևանքով երեք զինվոր է զոհվել։

SDF-ի ղեկավար Մազլում Աբդին Twitter-ում հայտարարել է, որ օդային հարվածները սպառնում են ողջ տարածաշրջանին։

«Այս ռմբակոծությունը կողմերից ոչ մեկի օգտին չէ,- ասել է նա:- Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի խուսափենք մեծ աղետից։ Եթե ​​պատերազմ սկսվի, բոլորը կտուժեն»:

Ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցները, համենայն դեպս, առաջատար ԶԼՄ-ները ոչինչ չեն հաղորդել Սիրիական բանակի դիրքերին Թուրքիայի ՌՕՈւ-ի հասցրած հարվածների և նշված բանակի շարքերում զոհերի մասին: Սա միաժամանակ լիովին հասկանալի է, քանի որ Ռուսաստանը գրեթե ամեն կերպ խուսափում է հակամարտության թեժացումից, Թուրքիայի և Սիրիայի միջև պատերազմի բռնկումից և այդ պատերազմում իր ներգրավումից, որին հարկադրված կլինի մասնակցել, որպեսզի թույլ չտա իր դաշնակցի լիակատար ջախջախումն ու կապիտուլյացիան:

Վերոնշյալի վկայությունն են նաև վերջին օրերին ՌԴ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հայտարարությունները: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ , ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը մեկնաբանելով թուրքական բանակի օդային գործողությունը Սիրիայի հյուսիսում և Իրաքում, ասել է, որ Մոսկվան միշտ հանդես է գալիս «բանակցային լուծումների օգտին»։ Բոգդանովը նշել է, որ շփումներ են եղել բոլոր երկրների հետ, որոնք ներգրավված են Սիրիայի հյուսիսում և Իրաքում թուրքական բանակի օդային գործողության կարգավորման մեջ (կարելի է ենթադրել` նաև ԱՄՆ-ի, ամբողջ խնդիրն այն է, թե «կարգավորման» ասելով, ինչ պետք է հասկանալ…)։

«Պետք է հասկանալ (իրավիճակը), քանի որ մենք միշտ կողմ ենք ինչ-որ բանակցային լուծումների, մանավանդ, որ շփումներ ենք ունեցել կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրների, առաջին հերթին, մեր թուրք գործընկերների հետ»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը տեղյա՞կ է եղել Անկարայի գործողության մասին, Բոգդանովն ասել է, որ Թուրքիան «երկար ժամանակ է ծրագրում ու խոսում այդ մասին»: Իրականում Թուրքիայի կողմից ավելի վաղ եղել են միայն անորոշ սպառնալիքներ, Թուրքիան իր նոյեմբերի 19-ի և 20-ի «Ճանկ- սուր» ռազմագործողության մասին ՌԴ-ին չի տեղեկացրել, ոչ էլ ռուսական կողմն է նախապես տեղյակ եղել, Ստամբուլում նոյեմբերի 13-ի ահաբեկչություն- սադրանքից հետո կարող էր միայն ենթադրել…

«Պետք է գտնել քաղաքական լուծում, պայմանավորվել բոլորին հարմար հիմքի վրա՝ այն ըմբռնումով, որ գլխավորը Սիրիայի և Թուրքիայի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը:

Բոգդանովն այսպիսով ակնարկել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը Թուրքիայի կողմից վտանգված է (Սիրիայի կողմից Թուրքիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդիր չկա), և որ իր համար գլխավորը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում թույլ չտալն է, ինչը Թուրքիան պետք է ըմբռնի:

«Ճանկ-սուր» ռազմագործողությունն իրականացվել է ավելի քան 50 ինքնաթիռի և 20 ԱԹՍ-ի ներգրավմամբ։ Հարվածներին մասնակցել է նաև Թուրքիայի հրետանին:

ТАСС-ի տեղեկացմամբ, Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը երեկ լրագրողներին հայտնել է, որ ռուսական կողմը թուրք գործընկերներին զսպվածության կոչ է անում՝ Սիրիայում հետագա էսկալացիան կանխելու համար։

«Մենք, իհարկե, որոշակի զսպվածության կոչ կանենք մեր թուրք գործընկերներին, որպեսզի թույլ չտրվի լարվածության աճ, ընդ որում, լարվածության աճ ոչ միայն հյուսիսում, այլև Սիրիայի ողջ տարածքում,- ասել է Լավրենտևն Աստանայի ձևաչափով սիրիական կարգավորման միջազգային հանդիպման մեկնարկից առաջ։-Մենք կարծում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքը պետք է շարունակել և փորձել գտնել ինչ-որ հուսալի լուծում, այդ թվում, այսպես կոչված, քրդական հարցի շուրջ» (ընդգծումը` մերը)։

«Ռուսաստանի Դաշնությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ սկսած այս տարվա սկզբից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց (Սիրիայում) գործողություն իրականացնելու մտադրության մասին, հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի դա տեղի չունենա, որպեսզի, ծայրահեղ դեպքում, թույլ չտա ցամաքի վրա բանակի լայնամասշտաբ հարձակողական գործողություն: Ռուսաստանի Դաշնությանը դա հաջողվեց անել, և մենք հույս ունենք, որ կհաջողվի համոզել մեր թուրք գործընկերներին` զերծ մնալ Սիրիայի տարածքում ուժի չափազանց մեծ կիրառումից»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Ի դեպ, ինչպես տեղեկացրել է «РИА Новости»-ն, Լավրենտևը նշել է նաև, որ Թուրքիան ավիահարվածից առաջ չի տեղեկացրել Մոսկվային։

Ակնհայտ է, որ ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել և անում է Թուրքիային Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողություններից հետ պահելու համար` շատ լավ հասկանալով, որ դա կարող է հանգեցնել Թուրքիայի և Սիրիայի միջև լայնամասշտաբ պատերազմի` դրանում իր հարկադիր ընդգրկմամբ ու դրանից բխող բոլոր հետևանքներով: Կհաջողվի դա Մոսկվային` այս պահին դժվար է «այո» կամ «ոչ» ասել, համենայն դեպս, Էրդողանի հրապարակային հայտարարությունները լավատեսության որևէ հիմք չեն տալիս:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան