ԵԽԽՎ-ն գոհունակություն է հայտնում՝ հունիսի 12-ին ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և հունիսի 12-ին ոստիկանական հատուկ գործողություններին, որից տուժել էին զգալի թվով քաղաքացիներ։
Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։
Վեհաժողովը գոհունակությամբ է արձանագրում, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձևով։